ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց է ուղղել. «Ինչո՞ւ Արցախ մեկնելու փոխարեն նախընտրեցիք հանգիստը»:
«ՉԻ». Ուրեմն, արդեն մի քանի օր է քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելու հարցը: Քոչարյանը պաշտոնապես հրավեր է ստացել մեկնել ՌԴ մայրաքաղաք, բայց չի կարողանում գնալ, քանի նրա նկատմամբ կա քրեական հետապնդում, և դատական նիստերը դեռ շարունակվում են: Նրա փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ դեռևս նախորդ շաբաթ այս հարցով դիմել են դատարանին, բայց երկու օր է, պատասխան չեն ստացել: «Որևէ պատասխան չտրվեց՝ արդյոք դատարանը բավարարո՞ւմ է դիմումը, թե՞ ոչ։ Այսօր էլ հաստատվեց, որ դատավորը մեկ շաբաթ վերապատրաստումների է լինելու, և տպավորություն է, որ ամեն ինչ արվում է ձգձգելու համար: Ես այստեղ դիտավորություն եմ տեսնում»:
Հիմա կարող է հարց առաջանալ, թե սա ի՞նչ կապ ունի Արեգնազ Մանուկյանի հարցադրման հետ՝ ուղղված Ալեն Սիմոնյանին: Ուղղակի:
Այսինքն՝ Քոչարյանի ղեկավարած դաշինքի պատգամավորը Ալեն Սիմոնյանին հարցնում է, թե ինչու չի գնացել Արցախ: Ու մեկը չկա, հարցնի. որ այդքան ձեզ հետաքրքրում է Արցախ գնալու խնդիրը, բա Արցախի 1-ին նախագահը էդ ինչի՞ չգնաց Արցախ՝ գոնե մասնակցելու Արցախի Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված համեստ միջոցառումներին: Լինելով Արցախի 1-ին նախագահ՝ մարդը չի ցանկանում գնալ Արցախ, բայց ուրիշներից Արցախ չգնալու համար հաշիվ է պահանջում: Փոխարենը դարդուցավի մեջ է, թե ոնց գնա Մոսկվա: Սաղին խառնել է իրար. փաստաբաններ, դատարան, լրատվամիջոցներ, վիզ է դրել, որ մեկնի Ռուսաստան, իսկ ահա Արցախ մեկնելու մասին՝ ոչ մի խոսք:
Ո՞նց է ձեր երեսը բռնում այդքանից հետո ուրիշին մեղադրել Արցախ չգնալու մեջ: Ալեն Սիմոնյանի մասով ամեն ինչ պարզ է, նրան անիմաստ էլ է ինչ-որ բան հարցնել, նա ուր, Արցախն՝ ուր: Բայց Ռոբերտ Քոչարյանը Արցախի առաջին նախագահն է, ամեն տեղ հայտարարում է, թե հերոսն է, սիմվոլը, միակ ու էքսկլյուզիվ հողեր գրավողը, ազատագրողը, թուրքին ջարդողը: Բա գնա, մի քիչ դուխ տուր արցախցիներին: