...

Հարսանիք՝ «Փարավոնում», մասնաբաժին՝ «Flyone» ավիաընկերությունում, երկրորդ մեղրամիս՝ ԱՄՆ-ում

Հարսանիք՝ «Փարավոնում», մասնաբաժին՝ «Flyone» ավիաընկերությունում, երկրորդ մեղրամիս՝ ԱՄՆ-ում

Հունվարի 22-ին Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում տեղի է ունենալու ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։ Հարսանիքի կազմակերպմամբ զբաղվողներից տեղեկացանք, որ այդ հարսանիքին շոու բիզնեսի բազմաթիվ երգիչներ են մասնակցելու, որոնց հոնորարը սկսվելու է 3000 ԱՄՆ դոլարից։ Ի դեպ, այս դեկտեմբերին նախարար Պապիկյանն ու իր հետ ՊՆ «բերված կադրերը» ստացել են բավականին մեծ պարգևավճարներ, թեև դրա իրավունքը չունեին, քանի որ պարգևավճար կարող են ստանալ միայն այն աշխատակիցները, որոնք առնվազն 6 ամիս աշխատել են տվյալ գերատեսչությունում։ Իսկ Պապիկյան Սուրենը նախարար է նշանակվել 2021 թ․ նոյեմբերի 15-ին։

Իր հերթին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ իր ընտանիքից մարդիկ կան, որոնք բաժնետեր են այն ավիաընկերությունում, որը Երևան-Ստամբուլ ավիաչվերթներ է իրականացնելու: «Այսօր Թուրքիայի տարածքում, ծպտյալ հայերի մասին չէ խոսքը, այլ այն հայերի մասին ա, որ իրենց հայ են համարում և հայկական ազգանուն են կրում, մոտավորապես 100 հազար բնիկ հայ ունենք՝ Թուրքիայում ապրող, մոտ 100 հազար էլ Հայաստանից գնացող, աշխատանք փնտրող հայեր կան: Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ երբ արգելվել էր թուրքական ապրանքները Հայաստանում, դրանք այլ երկրների միջոցով էր բերվում, որը նորից հավելյալ ծախսեր էր արվում։ Այդ ինքնաթիռները աշխատելու են՝ Երևան-Ստամբուլ և աշխատելու են և՛ հայկական կողմից, և՛ թուրքական կողմից, ինչպես որ նախկինում աշխատել են, ոչ մի նորություն չկա, ուղղակի ինչ-որ աստիճան ավելի ցածր գներ են լինելու, որովհետև սկզբունքը, որ այդ ավիաընկերությունը ստեղծվել է, դա «լոու քոսթ» է, ցածր գներով թռիչք ունեցող ավիաընկերություն է»,- հայտարարել է Սուքիասյանը: Հիշեցնենք, որ խոսքը հայկական «Flyone» ավիաընկերության մասին է, որը փետրվարի 2-ից սկսում է Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ ուղիղ թռիչքներ իրականացնել՝ սկզբում շաբաթական երեք անգամ հաճախականությամբ: Ընկերությունը թռիչքների իրականացման թույլտվություն է ստացել նաև Թուրքիայի ավիացիոն իշխանությունից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական պատգամավորների և ԱԺ աշխատակազմի որոշ անդամների հետ մեկնել է ԱՄՆ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի փոխանցմամբ՝ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ալեն Սիմոնյանը պատվիրակության կազմում ներառել է նաև իր կնոջը և օգտվել ինքնաթիռի բիզնես դասի տոմսից։ «Որքա՞ն գումար է պետական բյուջեից, այսինքն՝ Հայաստանի հպարտ քաղաքացիների գրպանից ծախսվել այդ այցի համար: Ի դեպ, ԱԺ նախագահ աշխատելուց ի վեր, 4 ամիսների ընթացքում, Ալեն Սիմոնյանը 7 երկիր է մեկնել գործուղումների, ինչի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 120 հազար դոլար, չհաշված՝ միկոնոսյան հայտնի շրջագայությունը»,- այսօր ԱԺ-ում հարց է բարձրացրել պատգամավորը։ ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն էլ ոչ հերքել է, ոչ հաստատել է տեղեկությունը, փոխարենն ասել է, թե ամեն ինչ թափանցիկ է: «Ձեր պատասխանն առնվազն ծիծաղելի ու դեմագոգիա է, երբ ասում եք, թե ծախսերը թափանցիկ են, քանի որ երբ ես հարցում եմ ուղարկել՝ հետաքրքրվելով, թե որքան գումար է ծախսվել Ալեն Սիմոնյանի՝ վերանորոգվող կառավարական առանձնատան համար, ինձ ասել են, որ այդ ծախսերը գաղտնի են, այսինքն՝ թափանցիկ չեն»,- հավելել է Արեգնազ Մանուկյանը։

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ