Կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ Ըստ նախագծի՝ ընկերությունը Երևանում և Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվում է։ «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը․ տեղեկացրել է «Aravot.am»-ը։
Զուգադիպությո՞ւն է։ Երևի։ Նույն զուգադիպությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, դարձավ տնօրեն այն երեք ընկերություններում, որոնցից երկուսը զբաղվում են ասֆալտապատմամբ ու բետոնի արտադրությամբ։ Զբաղվելը՝ ոչինչ, այդ ընկերությունները սկսեցին ակտիվ մասնակցել պետական գնումների մրցույթներին և հաղթել։ Նույն զուգադիպությամբ բոլորովին վերջերս վարչապետի աշխատակազմը 469 մլն 741 հազար դրամ դրամաշնորհ հատկացրեց «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, որի տնօրենի լիազորությունները կատարում է Անժելիկա Շապովալովան՝ պատգամավոր Էդգար Հակոբյանի կինը, Աննա Հակոբյանի զարմուհին։ Մեկ ուրիշ զուգադիպություն էր այն, որ ընդամենը օրեր առաջ՝ մարտի 2-ին Երևանում բացվեց «նոր հզորություններով և հարմարություններով «Ադամանտ» ոսկերչական գործարանը։ Նախագծի իրագործմանը նպաստել էր նաև պետական աջակցությունը։ Այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Հետո պարզվեց, որ այն Խաչատուր Սուքիասյանի եղբոր նոր բիզնեսն է, որին կառավարությունը պատահաբար աջակցել էր։ Հիմա հերթը առողջապահության նախարարինն է։ Բա խեղճ աղջկան աղի թեմայով իրարահան արեցին, և նա հերոսաբար դիմացավ բոլոր փորձություններին։ Հիմա պիտի մի ձևով վարձահատույց լինե՞ն, թե՞ ոչ։ Եղան։ Ամուսնու ընկերությանը մաքսատուրքից ազատեցին։
Գոհար Վեզիրյան