...

«Վեոլիա-ջուր»-ասֆալտապատողներ-քաղաքապետ. հանցավոր համագործակցությո՞ւն, թե՞ անպատասխանատվություն

«Վեոլիա-ջուր»-ասֆալտապատողներ-քաղաքապետ. հանցավոր համագործակցությո՞ւն, թե՞ անպատասխանատվություն

Օրերս «ՉԻ» խմբագրություն էին դիմել Աշտարակի Սմբատ Շահազիզ փողոցի բնակիչները։ Նրանք ահազանգում էին, որ իրենց փողոցում վնասվել է ջրի խողովակաշարը, և ջուրը անարգել հոսում է՝ լցվելով բնակիչների տները: Պարզվեց, որ ճանապարհի վերանորոգման աշխատանքների ժամանակ էքսկավատորը վնասել է ջրատար խողովակը, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել այն վերանորոգելու համար: Վիճակն ավելի է վատթարացել, երբ շինարարները, առանց հաշվի առնելու գետնի տակից բխող ոռոգման ջրի շատրվանը, ասֆալտապատել են փողոցը: Հոսող ջրի վրա ասֆալտ չանելու՝ բնակիչների բոլոր հորդորներն ու զգուշացումներն անտեսվել են ճանապարհաշինարարների կողմից։ «Մենք մեր գործի տերն ենք»-ը բավարար հիմք համարելով՝ նրանք ջրի շիթերի վրա շիբին լցնելով՝ ասֆալտապատել են փողոցը:

Ստեղծված իրավիճակի մասին փողոցի բնակիչները բազմիցս ահազանգել են «Վեոլիա-ջուր» ընկերության թեժ գծին, տեղեկացրել Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին, սակայն նրանց բողոքներին ոչ ոք ականջալուր չի եղել: Պարզաբանման համար մենք ևս զանգահարեցինք քաղաքապետին, բայց պարզվեց, որ վերջինս սովորական քաղաքացիների զանգերը այսպես կոչված «սև» ցուցակում է ներառել։ «Վեոլիա-ջրի» թեժ գծին ուղղված մեր զանգերը ևս մնացին անպատասխան. միայն այնքանը հասկացանք, որ մեր խոսակցությունը ձայնագրվում է: Ու մինչ պատկան մարմինները անտարբերությամբ լռում են, Սմբատ Շահազիզ փողոցի բնակիչները չգիտեն, թե էլ ում և ինչ կերպ դիմեն՝ խմելու ջրի անարգել հոսքը դադարեցնելու համար: Իսկ հարկատուների հաշվին իրականացվող այսօրինակ ասֆալտապատման և ջրի անարգել հոսքի ու «Վեոլիայի» լռության մեջ որոշակի հանցավոր փոխկապակցվածության ու շահագրգռության տարրեր դիտարկելը հաստատ դետեկտիվի ոլորտից չէ։

Առաջին անգամը չէ, որ «Վեոլիան» իր բաժանորդներին պարտադրում է վճարել այսկերպ մսխված ջրի համար։ Կարելի է կարծել, որ այսօրինակ «պատահարները» Վեոլիայի գիտությամբ ու նաև ցանկությամբ են կոծկվում ասֆալտով։ Արդյունքում և՛ բաժանորդը կվճարի չօգտագործած ու իր տանը զգալի վնաս հասցրած ջրի համար, և՛ կրկնակի ասֆալտապատում կիրականացվի։ Իսկ բոլորիս հայտնի է, թե ինչ փողեր են լվացվում ասֆալտով, այս անգամ՝ ասֆալտաջրով։

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1719 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ