...

Վերջում կոպեկին քեռի եք ասելու

Վերջում կոպեկին քեռի եք ասելու

Հայաստանում և ընդհանրապես՝ աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համաճարակի պայմաններում բավական բարդ է այլ թեմաների անդրադառնալ: Կորոնավիրուսը դրանք բոլորը ստվերում է թողել:

Երևի դա է պատճառը, որ մի տեսակ անտեսվեց մի թեմա, որին կցանկանայինք անդրադառնալ: Մանավանդ, որ այն բոլոր դեպքերում անուղղակի կերպով կապ ունի կորոնավիրուսի հետ:

Խոսքը Ազգային Ժողովում պարգևավճարներ բաժանելու հարցի մասին է: Հունվարի 17 օրվա և փետրվար ամսվա համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 235 միլիոն դրամի կամ 495 հազար ԱՄՆ դոլարի չափով։

Ընդհանրապես, պարգևավճար հասկացությունը մեր պետական համակարգում բավական թյուր ընկալում ունի, ինչը վերջին 2 տարում մամուլի հրապարակումների հիման վրա ակնհայտ աքսիոմա դարձավ: Ի՞նչ է պարգևավճարը: Բառի բացատրությունը հենց նրա մեջ նկարագրված է: Պարգև + վճար: Այսինքն՝ վճարի տեսքով մարդուն պարգևել: Իսկ ո՞ր դեպքում են մարդուն պարգևում. լավ աշխատանքի դիմաց: Արդյունավետ, բեղմնավոր: Այնպիսի աշխատանքի, որի պտուղները կարելի է քաղել, որի արդյունքները նպաստում են հանրային և պետական շահին, մարդկանց ինչ-որ օգուտ են տալիս: 

Բայց մեզ մոտ պարգևավճարն այդ նշանակությունը չունի: Այն ընդամենը աշխատավարձի այն հատվածն է, որը ձևակերպել են որպես պարգևավճար: Այսինքն՝ մարդը 500 հազար դրամ է ստանում, չեն գրում, որ 500 հազար է ստանում, գրում են՝ 250 հազ. աշխատավարձ է ստանում, 250 հազ. էլ՝ պարգևավճար: Մենք այդքան ապուշ չենք, որ դա չհասկանանք: 

Իշխանություններն այստեղ բացատրություն ունեն. բա գիտե՞ք, մենք խոշոր պարգևավճարներ ենք տալիս, որ մարդիկ կոռուպցիայով չզբաղվեն, ստվերային գործունեություն չծավալեն: Օքեյ: Խելամիտ բացատրություն է: Բայց... մի հատ կարևոր բայց կա. երբ պարգևավճարներ են տրվում, օրինակ՝ Պետեկամուտների կոմիտեի կամ ֆինանսների նախարարության աշխատակիցներին, դա կարող ենք հասկանալ, այնտեղ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են աշխատում, ֆինանսների համակարգն իր մեջ կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում, ի վերջո, խոշոր ծավալների գումարների հետ են աշխատում, և համակարգի աշխատողին կաշառակերությունից հետ պահելու ձևը նրան լավ վարձատրելն է: Սա հասկանում ենք: Կամ էլ՝ եթե աշխատողին լավ չվարձատրես, նա կթողնի համակարգը, կգնա մասնավոր սեկտոր: Բանկում կաշխատի, աուդիտորական ընկերություն կբացի, միջազգային որևէ ֆինանսական կառույց կմտնի, հաստատ լավ գործ կճարի ու ավելի բարձր աշխատավարձով: Այսինքն՝ պարգևավճարները նաև նրանց համակարգում պահելու մեխանիզմ են հանդիսանում:

Ազգային Ժողովի դեպքում այդպես չէ. դա ընտրովի մարմին է, ոչ թե՝ նշանակովի: Դա քաղաքական կառույց է, որը ձևավորվում է ընտրությունների արդյունքներով, յուրաքանչյուր ոք ազատ է որոշել. գնա՞լ խորհրդարան, թե՝ չգնալ: Խորհրդարանը փող աշխատելու տեղ չէ, այլ՝ սեփական համոզմունքները, քաղաքական հայացքները, գաղափարները գեներացնելու և դրանք կյանքի կոչելու միջոց է: Երբ ասում են՝ պետական ծառայողը ժողովրդի վարձու ծառայողն է, առաջին հերթին պատգամավորի մասին է խոսքը: Այո, նրանք մեր վարձու աշխատողներն են: Քվեի միջոցով մենք նրանց վարձում ենք, ասում ենք՝ կգնաս, ախպեր ջան, ահա այս ու այս ծրագրերը կիրականացնես, աշխատավարձդ էլ այսքան կլինի: Եթե ինչ-որ մեկին այդ աշխատավարձը չի բավարարում, հոգ չէ, կարող է խորհրդարան չգնալ, չզբաղվել քաղաքականությամբ, գնա բիզնեսով զբաղվի, կամ՝ տաքսի քշի: Բայց եթե գնացել ես խորհրդարան, պատգամավոր ես դարձել, բարի եղիր աշխատել, ու այնպես աշխատել, որ դա մեզ գոհացնի և մտածենք, որ մեր պատգամավորները իրենց գործունեությամբ վաստակել են որևէ պարգև:

Հիմա տեսնենք, թե Ազգային Ժողովն ի՞նչ է արել, որ ինքն իրեն պարգևատրում է: Այսինքն, արժանի՞ է պարգև ստանալու: Միանգամից ասենք, որ՝ ոչ: Ի սկզբանե այս խորհրդարանը ձևավորվել էր հեղափոխական մթնոլորտում, այն ոչ թե գաղափարական, այլ՝ հեղափոխական հենք ունի: Բայց աստիճանաբար այս խորհրդարանը սկսեց վերածվել ամորֆ մի մարմնի, գորշ, լղոզված կառույցի, որտեղ սկզբունքային, գաղափարներին նվիրված մարդիկ շատ դժվար է գտնել: Թող խորհրդարանի ղեկավարությունն ինքը նշի այն կարևոր ձեռքբերումները, օրենսդրական փոփոխությունները, քաղաքական փոփոխությունները, որոնք խորհրդարանն է իրականացրել: Թող ասի: Մինչև մտածի, մենք ներկայացնենք այն բացթողումները, որոնց համար խորհրդարանի պատգամավորներին ոչ թե պարգևավճարներ պետք է բաժանել, այլ՝ աշխատավարձից պահումներ կատարել:

1,5 տարվա ընթացքում խորհրդարանը՝ ունենալով դրա համար բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները, չկարողացավ կամ չցանկացավ լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը: ԱԺ-ն այդպես էլ չբարեփոխեց ընտրական համակարգը, նոր ընտրական օրենսգիրք չընդունեց, դատական համակարգի բարեփոխումներին միտված ոչ մի արդյունավետ քայլ չձեռնարկեց, ապօրինի հարստացածների, կոռուպցիայի մեջ թաթախված նախկին իշխանավորներին պատասխանատվության ենթարկելու հատուկ օրենսդրական փաթեթ չընդունեց, նախկինում պետական բազմաթիվ ռազմավարական նշանակության օբյեկտների վաճառքի կամ օտարման կոռուպցիոն մեխանիզմներն ուսումնասիրող հանձնաժողով չստեղծեց: Որևէ քայլ, որը Հայաստանում կբերեր համակարգային փոփոխությունների, խորհրդարանը չի ձեռնարկել: Ու սրանք թողած, ընկել են ՀԿ-ների ետևից, կարծես հասարակական կազմակերպություններն են պետության և իշխանությունների գլխին բարդություններ փաթաթում: Թեպետ ՀԿ-ները ազատ քաղաքացիական հասարակություն ձևավորելու գլխավոր շարժիչ ուժն են հանդիսանում, և 2018թ. հեղափոխությունը չէր լինի առանց քաղաքացիական ակտիվ զանգվածի: 

Ահա այսպես, մի տեսակ աննկատ,կամաց-կամաց, մեր խորհրդարանը հեղափոխականից մանրից վերածվեց փայ փախցնող կառույցի: 1,5 ամսվա համար կես միլիոն դոլար պարգևավճար բաժանելը բյուջեից ինչ-որ փայ փախցնելու որոշում է: Այն էլ՝ կորոնավիրուսի պայմաններում: Սա լրիվ տեղավորվում է «խրախճանք՝ ժանտախտի ժամանակ» արտահայտության մեջ: Ամեն կոպեկը այս պահին հաշվի մեջ է: Ինչ-որ պահից միգուցե կոպեկին քեռի ասենք: Դեղորայք, հիվանդանոցներ, մահճակալներ, արհեստական շնչառության սարքավորումներ, անգործության համար փոխհատուցումներ... այնքա՜ն բան կա, որի դիմաց պիտի վճարի, ու դուք այս իրավիճակում բյուջեից ձեր գրպանը կես միլիոն դոլար ե՞ք դնում: Ու մեկը չլինի՞, խորհրդարանում ամբիոնից մի հատ հավեսով քրֆի սրանց, ասի՝ ձեռ ե՞ք առնում, էս պայմաններում պարգևավճարս որն է՞: 

Բա որ հայտարարում են, թե պատգամավորներից շատերը որոշել են հրաժարվել իրենց պարգևավճարներից և այն հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին: Իբր թե, տեսեք, ինչ հերոս ենք, ինչ նեղության ենք գնում: Այնպիսի տոնով են ասում, կարծես մեզ «ադալժենի» են անում: Այդ մենք ենք ձեզ 1,5 տարի «ադալժենի» արել, որ ձեր մանկամտության, փայ փախցնելու հոգեբանության վրա այդքան ուշադրություն չենք դարձրել, մտածել ենք, դե, ոչինչ, կամաց-կամաց կհասունանան, փորձ ձեռք կբերեն, կհասկանան, «что такое хорошо, что такое плохо», բայց չէ, լավ էլ իրենց զգում են երեսփոխանների աթոռներին, արդեն իրենց Օլիմպոսի գագաթին աստվածներ են զգում, որոնց առջև մենք՝ հասարակ մահկանացուներս պիտի խոնարհվենք մինչև գետին: Չէ, այդպես չէ: Դուք ընդամենը մտքով ենք Օլիմպոսի գագաթին, բայց եթե այսպես շարունակեք, քթներիդ այնպես կուտեք ու կընկնեք, որ իսկականից կոպեկին քեռի կասեք: Առանց պարգևավճարի:

Հ.Գ. Թեմայի հետ կապված խորհուրդ ենք տալիս անպայման դիտել Սերգեյ Միքայելյանի «Պարգևավճար» («Премия») ֆիլմը: Փայլուն գործ է, որը 40 տարվա ընթացքում չի կորցրել իր արդիականությունը: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3527 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ