...

Խանության օրերը

Խանության օրերը

Վանո Սիրադեղյանը շարունակում է մնալ ամենաընթերցվողներից մեկը: Վերցնում ես նրա ցանկացած հոդված, գրական ստեղծագործություն, մատդ դնում ես որևէ նախադասության վրա... այսօրվա մասին է: Հիմա՝ նրա մահվան երկրորդ տարելիցի առթիվ, ամենուրեք մեջբերումներ են անում և զարմանում. ո՞նց, Վանոն սենց բա՞ն է ասել: Ո՞նց, այսքան դիպուկ ո՞նց կարող էր կանխատեսել: Ժամանակի մեքենա ունե՞ր: 

Դափոններով մտավորականներ ունեինք և ունենք՝ դոշերին ծանր-ծանր մեդալներ, մի դյուժին կոչումներով, որոնք տարիներ շարունակ չէին իջնում էկրաններից, որոնք հատորներով գրքեր են գրել: Դրանց հանգիստ՝ իրենց մտքերով ու գրքերով, կարելի է մակուլատուրա հանձնել: Այդպես ավելի շատ օգուտ կտան: Իսկ Վանո Սիրադեղյանի գրքերի վրա երբեք փոշի չի նստում, որովհետև այնտեղ կա այն, ինչը չկա ազգային-ավանդական մտավորականության գրքերում ու մտքերում. ԱՍԵԼԻՔ: 

Այ, վերցնենք նրա գործերից մեկը. «Էրիվանի խանության ժամանակները»: 20 տարի առաջ է գրել, բայց որ դա չասենք, շատերը կմտածեն, թե էս երկու օրն է գրել: Մի հատված մեջբերենք, հերթական անգամ համոզվելու համար, որ նա իրականությունը ճշգրիտ ներկայացնելու բացառիկ հատկանիշ ուներ:

«Ինչքա՞ն մարդ կմնա ապրելու աշխարհից կտրված այս հողում: Այնքան, ինչքան կարտոֆիլ ու լոբի կտա այս հողը: Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարերը (որովհետև հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սևանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ և հայավարի ուշ արթնանալով, այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին և նույնիսկ արդեն քերթել են գառը և կրակ են գցել սամովարը: 

Իսկ Երևանի շուկաներում տերուտնօրեն կլինի էլի Նախիջևանի բանջարաբույծ խալխը: Այդքան հայ Երևանում հաստատ մնացած կլինի, որ Նախիջևանում բանջարաբոստանաբուծությունը վնասով չաշխատի: Արարատյան դաշտի ժողովուրդը Երևանի շուկաներում մրցակցությանը դժվար դիմանա, որովհետև հայ պագոնավոր ու անպագոն հսկիչը, ինչպես միշտ, օտարից նալոգը կվերցնի ավանդաբար առավել ապահովաբար: Վրացիները, որ տասնյակ միլիոն դոլարներ կունենան միայն խողովակներից, երևանցիներին կզրկեն ոչ միայն իշխանից, այլև սիգից, քանի որ կվճարեն եռակի, և ոչ մի ձկնորս ձուկ չի բերի Երևան: 

Բարգավաճող Ադրբեջանի մեզ սահմանակից շրջանները էլի լիքը կլինեն խոպանչի հայերով՝ պատշար, ծեփագործ և հյուսն: Թուրքիան ժամանակ առ ժամանակ դիվանագիտական թեթև ղալմաղալ կսարքի դաղալ Իրանի հետ՝ թե ում էժանագին զիբիլը ինչ քվոտայով սաղացնեն Հայաստանում, որպեսզի վերստին բարիշեն ու որոշեն՝ Շիրակը, Լոռին, Երևանի կեսը՝ թուրքական սապոնին, Զանգեզուրը, Արարատյան դաշտը, Երևանի մյուս կեսը՝ իրանական լվացքի փոշուն: 

Ռուսական կայազորը իր սապոնը պրինցիպիալ կբերի Ռուսաստանից:

Ժամանակ առ ժամանակ լսում եմ՝ մեծ տերություններն իրենց խաղերն են խաղում, մենք արանքում լողում ենք։ Այ, այդպիսի աղջկական ճակատագրապաշտությամբ ու քաղաքական թեթևամտությամբ դարասկզբին վեց վիլայեթները հանձնեցինք։ Ղարաբաղն ու Նախիջևանն էլ՝ հետը։ Այո, մեծ և փոքր՝ իրենց քաղաքական խաղերն ու շահերն ունեն։ Բայց մենք էլ մեր խաղն ունենք… Կռվելու պատրաստ, կազմակերպված ազգի հետ հաշվի նստում են, չեն կարող չնստել։ 

Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ- չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկին...»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   896 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ