...

«ԽԾԲ»-ն Բանակում շարունակվում է, «ԽԾԲ»-ն շարունակում է ջլատել Բանակը

«ԽԾԲ»-ն Բանակում շարունակվում է, «ԽԾԲ»-ն շարունակում է ջլատել Բանակը

Մինչ անհասկանալի իրադարձություններն ու բարձրաստիճան սպաների ձերբակալությունները շարունակում են հաջորդել իրար, Պաշտպանության նախարարությունում իր «բնականոն ընթացքի» մեջ է խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու ոչ բարի «ավանդույթը»: ՊՆ պաշտոնյաները, ամենայն դյուրությամբ և պաշտոնական դիրքը չարաշահելով՝ կենտրոնական ապարատում բառի բուն իմաստով «աշխատանքի են տեղավորում» իրենց կանանց, զավակներին, փեսաներին, աներձագ-բաջանաղներին, քենիներին, քավոր-սանիկներին, մինչև իսկ սիրուհիներին, մինչդեռ 44-օրյա պատերազմին մասնակցած բազմաթիվ հաշմանդամ և վիրավորում ստացած տղաներ, որոնք ավելի բանիմաց են և կարող են ավելի մեծ արդյունավետությամբ աշխատել և օգտակար լինել երկրին, գործազուրկ են: Տպավորություն է, թե հայրենիքն իր հաշիվները փակել է նրանց հետ: 

Նշենք, որ ՊՆ ներքին կանոնադրության համաձայն՝ վարչական ապարատում պաշտոններ զբաղեցնելուց առաջ բոլորը՝ ենթասպաներից մինչև բարձրաստիճան զինվորականներ, պետք է երբևէ ծառայած լինեն առաջին կամ երկրորդ կարգի սահմանային համարվող զորամասում: Բայց ստորև ներկայացված անձանցից որևէ մեկը սահմանային զորամասում ծառայություն չի անցել: Ներկայացնում ենք մեր տրամադրության տակ եղած հավաստի փաստեր. այսպես՝ ՊՆ Բուժվարչության պետ Գեղամ Փաշիկյանի կինը ծառայում է Մուրացանի զինվորական հոսպիտալի կադրերի բաժնում: Կադրերի վարչության նախկին պետ Արթուր Անդրեասյանի քրոջ որդին՝ Արամ Ազիզյանը, ծառայում է Մուրացանի հոսպիտալում որպես շարային մասի պետ, նրա կինը՝ Մերին, ՊՆ կադրերի վարչությունում, որպես ենթասպա: Փոխգնդապետ Էդգար Բեգլարյանի կինը՝ Նարեն, ծառայում է Բուժվարչությունում, փոխգնդապետ Արսեն Ներսիսյանի կինը՝ Լուսինե Մխիթարյանը՝ տեղագրության տոպոգրաֆիայի վարչությունում. վերջինիս հայրը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ընկերն է: Կադրերի համալրման վարչության պետ Ռուբեն Գալստյանի կինը՝ Մարիան, նույնպես ծառայում է ՊՆ կադրերի վարչությունում ամուսնու ենթակայության տակ: Ի դեպ, նրա ամուսինը ի պաշտոնե հայտարարում է այն մասին, թե սպայական կոչում ստանալու համար անպայման ծառայությունը պետք է սկսել սահմանային զորամասից, մինչդեռ նշված պաշտոնյաներից և իր հարազատներից ոչ ոք սահմանային զորամասում աշխատելու փորձ չունի: Նշված բոլոր անձինք ծառայությունն սկսել ու շարունակում են կենտրոնական ապարատում: 

Մենք էլ շարունակենք. ՊՆ կադրերի վարչությունում է աշխատում գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի դուստրը՝ փոխգնդապետ Արմինե Մարտիկյանը: 

ՊՆ կադրերի վարչության նախկին պետ Հովիկ Սուքիասյանի կինը՝ Լուսինե Մովսիսյանը ծառայում է Բուժվարչությունում: Ի դեպ, Սուքիասյանը անցնում էր բավական աղմկահարույց՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Նորայր Սմբատյանի կոռուպցիայի գործով, սակայն այդ քրգործը, ինչպես հայտնի է, կոծկվեց: 

Ռազմական ինստիտուտի պետի՝ գնդապետ Արթուր Երոյանի կինը ևս ծառայում է ՊՆ համակարգում: ՊՆ կադրերի վարչությունում բաժնի պետի պաշտոն է զբաղեցնում գեներալ Մհեր Շիրինյանի սանիկը՝ Էդիկ Հովհաննիսյանը:

Ի դեպ, ՌՈ վարչության պետ Աշոտ Զաքարյանը, խախտելով օրենքը, հարազատ եղբորը տեղավորել է իր ենթակայության տակ գտնվող ՊՆ Ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքում,  իսկ որդուն՝ Ռազմական ավիացիայի Գյումրիի ռազմաբազայի թիկունքի պետի պաշտոնում: Լինելով բնիկ գյումրեցիներ՝ վերջիններս, փաստորեն, ծառայում են բնակության վայրին մոտ, ինչը հակասում է զինվորական կանոնակարգին: 

Հետախուզության գլխավոր վարչության զինծառայող, փոխգնդապետ Նաիրա Հարությունյանի ընտանիքի անդամները ևս ծառայում են զինվորական համակարգում: Ի դեպ, ոչ ինքը՝ Նաիրա Հարությունյանը, ոչ որդին՝ Կամոն, և ոչ էլ ամուսինը՝ Աշոտը, սպայական հաստիքի նշանակվելուց առաջ երբևէ սահմանային զորամասում չեն ծառայել: Հետախուզության վարչության պետի նորանշանակ տեղակալ Արթուր Հարությունյանի կինը նույնպես աշխատում է ամուսնու ենթակայության տակ գտնվող հետախուզության վարչությունում՝ փակ զորամասում (անվանումը չենք նշում անվտանգության նկատառումներից ելնելով):

Ռազմական ոստիկանության պետի օպեր գծով տեղակալ, գնդապետ Վահագն Աղաջանյանի կինը՝ Վարդիկն, աշխատում է ՌՈ քաղաքային վարչությունում՝ որպես կադրերի բաժնի պետ: 

44 օրյա պատերազմին մասնակցելուց խուսափել է գեներալ Առաքել Մարտիկյանի եղբայրը, որը Ռազմական ոստիկանության թիկունքի պետն է, իսկ Ագրարային համալսարանն ավարտած և 44-օրյա պատերազմի ժամանակ բանակ զորակոչված իր որդուն «հաջողացրել է» տեղավորել ՌՈ հետաքննչական բաժանմունքում: 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՌՈ հետաքննչական բաժնում վերջինիս նշանակել  են սպայական հաստիքի: Թիկունքի վարչության վառելիքաքսուքային ծառայության պետի՝ Կարեն Մխիթարյանի որդին նույնպես պատերազմի օրերին ծառայության է նշանակվել հոր ենթակայության տակ գտնվող լաբորատորիայում՝ թերևս հոր ենթակայության տակ գտնվող բենզինի որակը ստուգելու համար: 

ՌՈ պետի տեղակալ Գագիկ Ղուկասյանի որդին՝ Արամ Ղուկասյանը, ծառայության նշանակված լինելով սահմանամերձ զորամասում, ԽԾԲ բարձրակարգ հարաբերությունների շնորհիվ տեղափոխվել է խաղաղապահ զորամաս: Արամ Ղուկասյանը, ի դեպ, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և, որպես կադրային զինվորական, պետք է լիներ սահմանամերձ զորամասի դիրքերում, սակայն այսպիսով կարողացել է խուսափել: Գեներալ Արթուր Սիմոնյանի որդին էլ 44-օրյա պատերազմի թեժ օրերին մեկնել էր արտերկիր, մեկ օր անգամ չլինելով մարտի դաշտում: Ի դեպ, ապրիլյան քառօրյայի ժամանակ ևս նա լքել էր երկիրը՝ խաղաղապահ զորամասի հետ մեկնելով Աֆղանստան: Դստերը գեներալ Սիմոնյանը տեղավորել է աշխատանքի Կենտրոնական հավաքակայանում, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանի անձնակազմում, փեսային՝ Գնելին հաջողացրել է բարձր պաշտոնի նշանակել ՊՆ հետախուզության վարչությունում այն դեպքում, երբ վերջինս Ռազմական տեսչության կողմից անցկացված քննության ժամանակ ստացել է բացասական գնահատական:

Անդրադառնալով գեներալ Ալբերտ Բաղդասարյանի կողմից ընկերներին ու ծառայակիցներին մատուցած «ԽԾԲ» ծառայություններին՝ նշենք, որ նա իր ընտանիքի անդամներին ևս չի մոռացել: Բաղդասարյանի կինը աշխատում է Կենտրոնական հավաքակայանում, իսկ աղջիկը հոր ենթակայության տակ գտնվող անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունում իրավաբան է:

Պետք է արձանագրել, որ բարձրագույն զինվորական կոչում ունեցող և բարձր պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց որդիները չեն մասնակցել 44 օրյա պատերազմին, բացառությամբ մի հոգու: Գնդապետ Վ.Ա.-ի որդու անունը, ցավոք, անհետ կորածների ցուցակում է: 

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5529 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ