...

Խորքային բարեփոխումների համար պետք էր լիարժեք հետազոտություններ կատարել

Խորքային բարեփոխումների համար պետք էր լիարժեք հետազոտություններ կատարել

Վարչապետի՝ ապրիլի 23-ի 489-Ա որոշմամբ փոփոխություն է կատարվել փետրվարի 12-ի՝ «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ, ինչի արդյունքում հետաձգվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ժամկետները: 

Քննարկումների և հայեցակարգը ներկայացնելու համար բավարա՞ր են արդյոք նոր ժամկետները: Թեմայի շուրջ «ՉԻ» զրուցակիցն է ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:

- Պետք է նշեմ, որ մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստում նաև իմ առաջարկը կար, որպեսզի հանձնաժողովը հանդես գա ժամկետները երկարացնելու առաջարկությամբ, և ինչ-որ առումով Նիկոլ Փաշինյանի հրամանը նաև արտացոլում է հանձնաժողովի տեսակետը, որովհետև նախորդ տարբերակով պետք է մինչև գարնան վերջ բարեփոխումների հայեցակարգը լիներ, իսկ դա լուրջ խորքային բարեփոխումների համար ողջամիտ ժամկետ չէր, քանի որ խորքային բարեփոխումների համար պետք էր նախ ամբողջությամբ՝ ուղղություն առ ուղղություն լիարժեք հետազոտություններ կատարվեին: Սահմանադրությունը այն փաստաթուղթն է, որը կարգավորում է շատ և շատ տարբեր հարցեր, որոնց մի մասն իրարից անկախ են, իսկ մի մասն իրար հետ փոխկապակցված են: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այդ ուսումնասիրությունները քննարկվեն ավելի լայն փորձագիտական շրջանակների, քաղհասարակության, հանրության լայն շերտերի հետ: Իսկ այդ բոլոր գործընթացների համար մի քանի ամիսը ուղղակի խելամիտ ժամկետ չէր, և այդ պատճառով էլ ժամկետները երկարացվեցին: Պետք է ասեմ, որ նաև կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հանձնաժողովը աշխատում է ու բավական ինտենսիվ: Մենք համարյա ամեն շաբաթ ունենում ենք նիստեր, որոնք, ճիշտ է, անցկացվում են առցանց ձևաչափով, բայց բավականին էֆեկտիվ ենք աշխատում: 

- Պարոն Իոնիսյան, նշեցիք, որ նաև հանրային լայն շերտերի հետ եք պատրաստվում քննարկումներ անել: Ովքե՞ր կարող են մասնակցել քննարկումներին և ի՞նչ արդյունավետություն եք ակնկալում:

- Առայժմ որևէ հանրային քննարկում չի եղել, և դեռևս չկա որոշում, թե որտեղ և երբ կարելի է դրանք անցկացնել, բայց իմ պատկերացմամբ՝ դրանք պետք է լինեն տարբեր ֆորմատների հանրային քննարկումներ: Ինչպես նշեցի, այդ քննարկումները պետք է լինեն քաղհասարակության և փորձագիտական հանրության, ինչպես նաև՝ հանրության լայն շերտերի հետ, և քննարկումները պետք է լինեն հայեցակարգի ձևավորման փուլում: Դրանից հետո, երբ նախագիծը պատրաստ լինի, ինչպես նաև հանրաքվեից առաջ, տարբեր փուլերում պետք է լինեն տարբեր հանրային քննարկումներ: Սա իրոք կարևորագույն փաստաթուղթ է և այս առումով պետք է նաև ըստ էության խորքային ուսումնասիրել բոլոր առաջարկները, և այդ առաջարկների համատեքստում հանձնաժողովը պետք է ձևավորի իր դիրքորոշումը:  

Այդ առնչությամբ բերեմ մի օրինակ. մեր կազմակերպությունը այժմ հետազոտում է կառավարության ձևավորման կարգավորումները: Ուսումնասիրում ենք, թե տարբեր խորհրդարանական երկրներում ինչպես է ձևավորվում կառավարությունը, երբ որոշ դեպքերում կայուն մեծամասնություն չի ձևավորվել: Սա ևս հետազոտական առումով լուրջ աշխատանք է պահանջում: 

- Ո՞րն է այս մասնագիտական հանձնաժողովի առանձնահատկությունը:

- Բազմիցս ձևավորվել են նման հանձնաժողովներ, բայց այս հանձնաժողովի առանձնահատկությունն այն է, որ այն ձևավորվել է մրցույթի արդյունքում, և նրա գործողությունները որևէ կերպ սահմանափակված չեն: Մենք գործում ենք որպես մասնագիտական հանձնաժողով և կաշկանդված չենք քաղաքական պատվերով կամ իշխող ուժի ցանկություններով:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ