...

Յա էշը կսատկի, յա՝ իշատերը

Յա էշը կսատկի, յա՝ իշատերը

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով համալսարանում վարձավճարների բարձրացմանը, նշել է՝ ունեցել է մտավախություն, որ բարձր վարձավճարներով գուցե դիմորդներ չլինեն, սակայն հակառակ պատկեր է տեսել, և ամենաշատ դիմումները եղել են ամենաբարձր վարձավճարով բաժիններում:

«Վարձավճարների բարձրացման վերաբերյալ շատ դժգոհություններ ենք լսել, բայց մեր բոլոր մասնագիտությունների գծով այլ առաջարկներ կան, բայց եթե ընտրել են այս տարբերակը, ուրեմն դա իրենց ձեռք է տալիս»:

«ՉԻ». Սա մեզ հայտնի պատմությունն է հիշեցնում, երբ մեկը իր էշին սկսում է ավելի քիչ կերակրել, տեսնում է՝ ոչինչ, դիմանում է, որոշում է մի քիչ էլ խոտը քչացնել, էշը էլի աշխատում է, ու այդպես շարունակում է քչացնել կերը, մինչև մի գեղեցիկ օր այլևս չի կերակրում, էշն էլ սատկում է:

Հիմա ԵՊՀ-ի ներկայիս ղեկավարությունը մոտավորապես նույն տրամաբանությամբ է առաջնորդվում: Եկեք վարձերը բարձրացնենք, մեկ է՝ վճարում են: Իհարկե, Հայաստանում մի խավ կա, որը կարող է ավելի մեծ գումարներ վճարել իր երեխաների ուսման համար: Բայց դե, որ արել եք, միանգամից մի 10 անգամ բարձրացրեք վարձավճարները, մեկ է՝ հարուստները կվճարեն: Դուք էլ գոհունակությամբ կնշեք, որ շատ ձեռնտու տարբերակ է:

Հետո՞ ինչ, որ բազմաթիվ շնորհալի երեխաներ նման գումարներ վճարելու հնարավորություն չունենալով՝ կզրկվեն կրթություն ստանալուց: Ու այդպես այնքան բարձրացրեք, որ ԵՊՀ-ում դիմորդ չմնա: 

Դա էլ նշենք, որ վարձավճարների բարձացման որոշումը կայացրել է ԵՊՀ գիտխորհուրդը, իսկ հաստատել է ԿԳՄՍ նախարարությունը: Այսինքն, առանց իշխանությունների հավանության, վարձավճարները չէին կարող բարձրացվել: Ի՞նչ տրամաբանությամբ են բարձրացրել, երբ կորոնավիրուսի պատճառով տնտեսական լուրջ ճգնաժամ է, մարդկանց վճարունակությունը շեշտակի ընկել է:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1027 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ