«Այս տարածաշրջանը վաղուց արդեն Մերձավոր Արևելքը վերածել է եռացող կաթսայի և ամեն րոպե, ամեն վայրկյան կարող է վառոդի նման բռնկվել»,- «ՉԻ»-ի հետ զրույցում վերլուծելով Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները՝ ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը:
Իրանագետի խոսքով՝ վերջին օրերի իրադարձությունները հենց այդ լարվածության գագաթնակետին հասան, և դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2018 թվականի մայիսի 8-ից Իրանի նկատմամբ սկսած պատժամիջոցային և մեկուսացման քաղաքականության գագաթնակետն էր, որով ԱՄՆ նախագահը փորձում էր Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումների քաղաքականություն վարել և, ինչպես իրենք էին ասում, այնպիսի ճնշումների պետք է ենթարկեին, որ պատմությունը մինչև այժմ չի տեսել, այսինքն՝ աննախադեպ: Իրանցի գեներալի սպանությունը, որը նաև իրանական հզորության խորհրդանիշ էր համարվում, բնականաբար չէր կարող անհետևանք մնալ, և Իրանը պետք է պատասխան գործողություններ ծավալեր: Բարեբախտաբար Իրանն էլ շատ լավ հասկացավ, որ ԱՄՆ զինված ուժերի ուղիղ հարվածները և ուղիղ բախումը ԱՄՆ-ի հետ և ամերիկացիների պատասխան սպանությունները կարող են բերել անկանխատեսելի ու շատ լուրջ վտանգների: Իրանական կողմը հարվածեց ամերիկյան ռազմաբազաներին, որպեսզի իր դեմքը փրկի, բայց բարեբախտաբար երկու երկրների ղեկավարությունները ողջախոհություն դրսևորեցին և ուղիղ բախման չեն գնալու: Ըստ իրանագետի՝ երկու երկրները հավանաբար կսահմանափակվեն այսքանով, և նրանց միջև պատերազմը կտեղափոխվի երրորդ երկրների տարածք և կփորձեն միմյանց վնասներ հասցնել, բայց ուղիղ բախման և ուղիղ ճակատամարտի չեն գնա, քանի որ երկուսն էլ հասկանում են, որ դա կարող է բերել անկանխատեսելի և լուրջ հետևանքների:
Արմեն Վարդանյանը կարծում է, որ ամենայն հավանականությամբ երրորդ երկիրը կլինի Իրաքը, որտեղ ԱՄՆ-ն ունի զինված, մոտ հինգ հազար հոգուց բաղկացած կոնտիգենտ, ռազմաբազաներ: Իրանն էլ ունի իրեն աջակցող շատ լուրջ պրոիրանական աշխարհազորը՝ «Ալ-Խաշդ աշ-Շաա-բին», որը ավելի շատ Իրանին է ենթարկվում, քան Իրաքի կառավարությանը: Այն շատ հզոր ուժ է՝ մի քանի տասնյակ հազար զինվորականներից բաղկացած, և հենց նրանց միջոցով էլ կփորձեն հարվածներ հասցնել Իրաքում գտնվող ամերիկյան գործընկերներին:
Իրանագետը համոզված է՝ այս լարվածությունը անպայման տարբեր փուլերում տարբեր սրացումներ ունենալու է, և այն տևելու է մինչև նոյեմբեր, մինչև Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահական ընտրությունները: Ավելին՝ այդ լարվածությունը անընդհատ նորանոր դրսևորումներ է ստանալու:
Անդրադառնալով երեկ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարությանը, որ «Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար», Վարդանյանը նշեց. «Հայաստանի շխանությունների դիրքորոշումը այս հակամարտության մեջ միանգամայն ադեկվատ և հավասարակշռված է, սա մեր խաղը չէ, մեր խնդիրը չէ, և բնականաբար Հայաստանը պետք է կատարյալ չեզոքություն դրսևորի այս հակամարտության մեջ: Այո, Իրանը և ԱՄՆ-ն երկուսն էլ մեր բարեկամ երկրներն են, և մենք չպետք է դիրքավորվենք որպես այդ հակամարտության կողմերից մեկին սատարող երկիր: Հայաստանը պետք է բացարձակ չեզոքություն պահպանի, մանավանդ, որ սա մեր կռիվը չէ»:
Մելանյա Ծառուկյան