ԱԺԲ ներկայացուցիչ Արա Պապյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հարցազրույցին, գրել է. «Եթե Սևրի պայմանագիրը միջազգային քաղաքականության մեջ որևէ նշանակություն չունի և մեռելածին է, ապա ինչի՞ հիման վրա են Բրիտանական կայսրությունը և Ֆրանսիան ստացել Միջին արևելքի մի շարք տարածքների վրա մադատներ և ի՞նչ իրավական հիմք ունի Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Իսրայելի, Պաղեստինի ինքնավարության, Իրաքի, Քուվեյթի և այլ պետությունների ստեղծումը Օսմանյան կայսրության տարածքի վրա»:
«ՉԻ». Թող հանկարծ տպավորություն չստեղծվի, որ մեր այս բևեռագետ-քռագետները մենակ Լևոն Զուրաբյանին են վրա տվել: Իրենց բաժին շանթ ու որոտը ստացել են նաև Թաթուլ Հակոբյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Հակոբ-Մովսեսը, Կարպիս Փաշոյանը և նույնիսկ ԱՄՆ պետդեպից սնվող «Ազատություն TV»-ի հայկական մասնաճյուղը` Թամրազյան Հրայրի գլխավորությամբ: Իրենց որակումներն են:
Այսինքն՝ Գլենդելի ռեստորաններից սնվող աժբ-ականների համար «Ազատություն TV»-ն դառնում է ԱՄՆ պետդեպից սնվող, եթե նրա եթերում իրենք չեն լինում: Իսկ եթե իրենք են խոսում «Ազատություն TV»-ով, ուրեմն՝ վերջինս խոսքի ազատության բաստիոնն է Հայաստանում, աշխարհի լավագույն լրատվամիջոցը:
Իսկ Արա Պապյանն ու մյուս քռագետներն այսպես նեղվել են, որովհետև Գլենդելի ռեստորաններում ու կողքի փողոցի շաուրմայանոցում այդպես էլ չկարողացան հավաքել այն բաղձալի 12 միլիոն դոլարը, որը թույլ կտար Թուրքիան կործանել: Դրա համար խորհուրդ ենք տալիս հայացքներն ուղղել Սան-Ֆրանցիսկոյին. այնտեղ ոչ միայն ընտիր ռեստորաններ կան, այլ նաև աշխարհի լավագույն ծորակի ջուրը: