...

1998-2021: Առանց Լևոն Տեր-Պետրոսյանի

1998-2021: Առանց Լևոն Տեր-Պետրոսյանի

Հիշեցում 1: 1998թ.-ից Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանություն չէ: 1998-ից իշխանություն են այսպես կոչված ազգային ուժերը, այսինքն՝ ոչմիթիզականները: Որքան էլ Սերժ Սարգսյանը պնդի, որ ինքը երբեք ոչմիթիզական չի եղել, որքան էլ Ռոբերտ Քոչարյանը կրկնի տերպետրոսյանական «արժանապատիվ խաղաղություն» բառակապակցությունը, դրանից իրերի դրությունը չի փոխվում: 

Հիշեցում 2: 2018թ.-ից իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը որոշեց ոչմիթիզականներից ավելի ոչմիթիզական դառնալ և հայտարարեց՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ու հրաժարվեց բանակցություններից: Բոլորդ ծափ տվեցիք: 2020թ. խորհրդարանական ընդդիմությունը սեպտեմբերի 27-ին որոշեց ավելի ռազմաշունչ լինել, քան վարչապետը: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն պատերազմը կանգնեցնելու անգամ փորձ չարեցին, մանավանդ որ վարչապետը հայտարարեց, թե կարող է կանգնեցնել պատերազմը: Քաղաքական դիլետանտիզմի ցուցքը 2020-ի սեպտեմբերի 27-ի ԱԺ նիստում մի՛ մոռացեք: 

Հիշեցի՞ք: Լա՞վ հիշեցիք, որ 1998-ից Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանություն չէ: Իսկ հիմա պատասխանե՛ք. ինչո՞ւ եք ամեն անգամ հիստերիայի մեջ ընկնում, երբ խոսում ենք 97-98թթ. խաղաղության հասնելու հնարավորության մասին: Որովհետև շատ լավ գիտակցում եք, որ դրանից հետո անցել է 23 տարի և ձեր «հաղթողական ծրագիրը» տապալվել է: 

1998-2018թթ. երկրում բացարձակ իշխանություն վայելող Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բանակցություններից չէին հրաժարվում՝ հասկանալով, որ դրա այլընտրանքը պատերազմն է: Նրանք պարզապես ձգձգում էին զիջումների գնալու անխուսափելի պահը, որովհետև պետք է պահպանեին իրենց իշխանությունը: Նրանք նաև գիտակցում էին, որ Ադրբեջանն ուժեղանում է թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական ասպարեզում, և հասկանում էին, որ պատերազմի դեպքում հեշտ չեն պրծնելու:

2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն անմեղսունակությամբ կամ դիտավորությամբ երկիրը հասցրեց պատերազմի: Արդյունքը տեսնում ենք: 

Հիմա հարց ԱԺ իշխող կուսակցությանը և ընդդիմությանը: Ինչո՞ւ եք կատաղության նոպայի մեջ ընկնում ամեն անգամ, երբ ձեզ հիշեցնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագիրը:

Պատասխան: Որովհետև հասկանում եք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր: Հասկանում եք, որ ձեր կոլեկտիվ գործունեության արդյունքն է պարտությունը: Հասկանում եք, բայց չեք ապաշխարում: 

Երկրորդ հարցը տանք: Ինչո՞ւ իրական ելքեր չեք առաջարկում ստեղծված վիճակից: Ինչո՞ւ ընդդիմությանը և մեր հանրությանը չի հետաքրքրում, թե իշխանությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ է բանակցում Մոսկվայում, Փարիզում կամ Շարլ Միշելի հետ: Ի՞նչ վիճակում է այսօր հայկական բանակը: 

Կրկնենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարելու փոխարեն գո՛րծ արեք: Իշխանությունը, ցավոք, դուք եք:

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1550 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ