Մարդու իրավունքների պաշտպանը և Փաստաբանների պալատի ղեկավարը ուշ երեկոյան միաժամանակ հանդես են եկել հայտարարությամբ, որոնցում կարմիր թելի նման անցնում է այն միտքը, թե դիմակ կրելու պարտադրանքը հակաօրինական է, հակասում է սահմանադրությանը, օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին:
Երբ պայմանական որևէ Մարինա Խաչատրյան կամ Սոնա Աղեկյան նման պահանջներ են հնչեցնում, նորմալ է, այդ մարդիկ այդպես են վաստակում իրենց օրվա հացը:
Այլ է երկու կարևորագույն ինստիտուտների ղեկավարների պարագան: Անհասկանալի է, թե ինչ են ուզում այդ մարդիկ: Եթե չլինի պարտադրանք, քանի՞սը դիմակ կկրեն: Եթե չլինի տուգանք, քանի՞ անգամ քիչ դիմակ կրողներ կլինեն:
Ամբողջ աշխարհը անցել է դիմակ կրելու պարտադրանքին: Բոլոր կառավարություններն էլ հասկանում են, որ դա առաջացնում է հանրության որոշակի հատվածի դժգոհությունը, բայց այլ ելք չկա: Եթե պետությունը չկիրառի հարկադրանքի միջոցը, դիմակ կրողների թիվը շեշտակի կիջնի:
Հատկապես երկակի մտորումներ է առաջացնում ՄԻՊ-ի մտահոգությունը: Սա այն նույն ՄԻՊ-ն է, ում օրոք տեղի ունեցան Սարի Թաղի դեպքերը: Այսպիսի հաստատակամություն, նախաձեռնողականություն և նվիրվածություն մարդու իրավունքների պաշտպանությանը այն ժամանակ հանրությունն ականատես չի եղել: Նույնը կարելի է ասել 2018 թվականի գարնան մասին, երբ ոստիկանները պարզապես ծեծում էին ցուցարարներին և ոչ թե դիմակ չկրելու համար տուգանում:
Փաստորեն, ամեն դեպքում, գոնե մեկ ոլորտում փոփոխություններն ակնառու են: ՄԻՊ-ը շատ զգայուն է դարձել մարդու իրավունքների պաշտպանության գործում: