...

Երկար միայնակ չի մնա իր աշխատասենյակում

Երկար միայնակ չի մնա իր աշխատասենյակում

«Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը չի սպասել, որ Արման Թաթոյանն ու ՄԻՊ գրասենյակի՝ Թաթոյանի հետ հեռացող աշխատակիցները լքեն գրասենյակը, նոր ինքը գնա։ Քրիստինե Գրիգորյանը պետք է իր պաշտոնավարումը սկսեր այսօրվանից՝ փետրվարի 25-ից, սակայն նա ՄԻՊ գրասենյակ է գնացել երեկ՝ փետրվարի 24-ին։ Oragir.news-ին ասացին, որ Թաթոյանի հետ ՄԻՊ աշխատակազմից հեռացել են մի խումբ աշխատակիցներ՝ ՄԻՊ աշխատակազմի ղեկավարը, վարչությունների, դեպարտամենտների, բաժինների պետեր, և այլն։ Քրիստինե Գրիգորյանը գնացել է, նրան ոչ ոք չի դիմավորել, և նա միայնակ նստել է իր աշխատասենյակում»,- տեղեկացրել է կայքը։ 

Արման Թաթոյանը մինչև վերջին օրն աշխատում էր։ Ինքն էլ, թիմն էլ բավական բարձր արդյունավետություն ցուցաբերեցին հատկապես հետպատերազմական Հայաստանում։ Գրեթե բոլոր միջազգային հարթակներում լսելի էր Արման Թաթոյանի ձայնը, ուշագրավ էին բոլոր զեկույցներն ու արձանագրումները հատկապես պատերազմի օրերին և դրան հաջորդած ամիսներին։ ՄԻՊ-ն ու իր աշխատակազմը եղան բոլոր թեժ կետերում, պրոֆեսիոնալ ձևով սպասարկեցին ՀՀ քաղաքացիներին թե՛ ներքաղաքական լարումների ժամանակ, թե՛ առհասարակ։ Նրանց ձայնը լսելի չէր միայն Հանրային հեռուստաընկերության համար։ Թաթոյանը Հ1-ի սև ցուցակում էր։ Իշխանամետների դիտարկմամբ՝ ՄԻՊ-ը հանդգնել էր քաղաքական գնահատականներ հնչեցնել ու քաղաքական օրակարգեր սպասարկել։ Եվ չնայած այս մեղադրանքներին՝ Արման Թաթոյանն ու նրա շուրջ համախմբված թիմը հաջողեցին։ Վստահ ենք, որ նա կամ նրանք շարունակելու են իրենց կուտակած փորձն ու գիտելիքները ծառայեցնել հանուն Հայաստանի, հանուն ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանության։ Ցավալիորեն մեկ այլ բանում էլ ենք վստահ․ Քրիստինե Գրիգորյանը երկար միայնակ չի մնա իր աշխատասենյակում։ Հեռացածների տեղերում արագորեն նորերը կնշանակվեն։ Մեկը՝ լավ, մյուսը՝ վատ, երրորդը՝ ավելորդ, չորրորդը՝ միջնորդով։ Ու ամեն ինչ կսկսեն նորից։ Զրոյից։ Վատ մեկնարկ է։ Լինել իշխանության սրտի ՄԻՊ-ն ու իշխանության կցորդն արդեն հոռետեսություն է առաջացնում։ Հուսանք, որ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը չի իրականացվի սևերի ու սպիտակների, նիկոլականների և ռոբականների, յուրային-ոչ յուրայինների տարանջատման սկզբունքով։ Հու-սանք։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2038 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ