...

2016-ին ինչու չէիք մտահոգվում երիտասարդներին կոտրելու համար

2016-ին ինչու չէիք մտահոգվում երիտասարդներին կոտրելու համար

Արթուր Վանեցյանը Իստագրամի իր էջում գրել է. «Քիչ առաջ տեսա, որ դիմորդները և մեր ապագա զինվորները հետաքրքիր կարգախոսով են շարունակում իրենց արդար պայքարը. «... Մեր դուխները մի կոտրեք, որ դուխով գնանք բանակ...»։

Օրեր շարունակ համբերատար սպասում էի, որ կառավարությունը կտա խելամիտ լուծում, որովհետև խնդիրը շատ բարդ չէ և սկզբունքային երևալու տեղ չէ։ Խոսքը մեր երեխաների մասին է, որոնց կառավարությունը համառորեն անվանում է ՝ «դուրս մնացած դիմորդներ»։ Խոսքը տեխնիկական տարաձայնության, տեխնիկական պրոբլեմի մասին է և այստեղ կա սկզբունքային մեկ հարց՝ չկոտրել մեր երեխաներին, չկոտրել մեր ապագա զինվորներին, չկոտրել մեր գիտության ապագան։

Ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես կուսակցության և հիմնադրամի ղեկավար, կանգնում եմ մեր երեխաների և նրանց ծնողների արդար պահանջի կողքին։

«Հայրենիք» հիմնադրամի խորհրդի առաջիկա նիստում քննարկման եմ դնելու Ձեզ համար հատուկ կրթաթոշակներ սահմանելու հարցը: Պատրաստ ենք նաև ըստ անհրաժեշտության ցուցաբերել իրավական օգնություն»:

«ՉԻ». Այն, որ պետությունը և նրա լիազոր մարմին ԿԳՍՄ-ն պետք է վերանայեն ընդունելության կարգը և լուծումներ առաջարկեն բարձր միավորներ ստացած երեխաներին, կասկած չի հարուցում:

Խնդիրը Վանեցյանի պաթոսն է և բանակ գնացող տղաների կողքին կանգնելու պատրաստակամությունը: Հետաքրքիր է՝ երբվանի՞ց հասկացավ, որ չի կարելի կոտրել բանակ գնացող երիտասարդներին:

2016 թվականին Վանեցյանը զբաղեցնում էր ԱԱԾ Երևան քաղաքի Էրեբունու բաժնի պետի պաշտոնը: Եվ շատ հանգիստ, առանց հուզվելու նայում էր, թե ինչպես են իշխանության հրոսակախմբերը ծեծում, նվաստացնում և անգամ հաշմանդամ դարձնում երիտասարդների, որոնք դժբախտություն էին ունեցել ապրելու Սարի Թաղում և ականատեսը լինելու ՊՊԾ գունդը գրավելու օպերացիային: Վանեցյանը հրաժարական չտվեց և վերևում զետեղված տեքստի նման մի բան չգրեց, թե չի կարելի հանել 17-ամյա երիտասարդի աչքը միայն նրա համար, որ հյուր է եկել Սարի Թաղ: Չէ՞ որ հաջորդ տարի նա էլ կգնար բանակ, եթե Վանեցյանը պատշաճ կատարեր իր պարտականությունները և չթողներ, որ հրոսակները հանեին երիտասարդի աչքը:

Վանեցյանը Երևանի ԱԱԾ պետի տեղակալն էր, երբ նախորդ իշխանության հրոսակները ծեծում և կոտրում էին պատանիներին ու ուսանողներին, որոնք դուրս էին եկել փողոց՝ բողոքելու Սերժ Սարգսյանի՝ իր իշխանությունը հավերժականացնելու ցանկության դեմ: Հակառակ դրան, մեկնել էր Սյունիք և փորձում էր այնտեղի երիտասարդներին ահաբեկել, որ բացեն ճանապարհները:

Երիտասարդները միայն մի դեպքում ճիշտ կանեն օգտվեն Վանեցյանի կրթաթոշակից: Եթե հրապարակավ խոստովանի, որ մինչև 40 տարեկանը սխալ է ապրել, քանի որ շատ բան չի գիտակցել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1292 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ