Այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը: Համաձայն բյուջեի նախագծի, 2021 թվականի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, ինչը ավելի քան 21 տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այդ դիտարկմանն ի պատասխան, ասել է. «Համենայն դեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա և որևէ ուղղությամբ որևէ փոփոխության մասին խոսքը, կարծում եմ, ժամանակավրեպ է»։
Նախարարը նաև հայտարարել է, որ 2021 թվականին ունենալու ենք անխուսափելիորեն պարտքի աճ. «2020թ. գնահատվում է ճգնաժամային: Չենք համարում, որ 2021թ.-ին վերականգումը միանգամից ու անմիջապես է լինելու, հետևաբար, 2021-ն էլ բացառիկ է գնահատվում: Ունենալու ենք պարտքի աճ»:
«ՉԻ». Մենք այսպես հասկացանք, որ 2021 թվականին ունենալու ենք և՛ պետական պարտքի աճ, և՛ պարգևավճարների ծավալների աճ:
Սա կոչվում է. «Գուլյած, տակ գուլյած»: Բայց զերծ ենք մնում որևէ մեկնաբանությունից: Հավայի տեղը տուգանքների տակ չընկնենք: Թվերն ու փաստերը մեր փոխարեն ամեն ինչ ասում են: