ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասել է, որ Հայաստանում պետական համակարգում 2021-ի համար պարգևավճարների տրամադրման տրամաբանությունը չի փոխվել, այն շարունակելու է լինել աշխատանքի վարձատրության 30 տոկոսի չափով. փոխվել է որոշակի մեթոդաբանություն:
«Իմ քայլը»-ից Արտակ Մանուկյանն էլ նշել է՝ աշխատանքի վարձատրության ֆոնդն աճելու է ընդամենը 2.8 տոկոսով:
«ՉԻ». Օրերս «Ռազմական դրության» մասին օրենքում փոփոխություններ արվեցին, համաձայն որի՝ պատերազմով պայմանավորված, թույլատրվում է մարդկանց գույքը, մեքենան օգտագործել: Նման մի բան:
Հիմա մեզ մոտ հարց է առաջանում. արդյոք հնարավոր չէ՞ նույն օրենքում նորից փոփոխություններ կատարել և պարգևավճարների ֆոնդը ծախսել ռազմական նպատակներով: Եվ այս թեման վերջապես օրակարգից դուրս կգա, համ էլ բավական կլորիկ գումար բանակի, զինվորների համար կօգտագործվի:
Թե չէ այս ի՞նչ է. կենաց-մահու պատերազմ է, իսկ այստեղ պարգևավճարների աճի ու մեթոդաբանության մասին են խոսում: Հետո էլ նեղանում են, որ մարդիկ բարձրաձայնում են պարգևավճարների թեման: