Հունվարի 20-ին լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանն ու մի քանի աշխատակիցներ։ Մասնավորապես «Aravot.am»-ը իր աղբյուրին հղում անելով՝ նշել էր, որ Արտակ Սարգսյանը ձերբակալվել է։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր լուրը։ «Ես նման տեղեկատվություն չունեմ»,- Aravot.am-ին ասել էր նա։ Այնուհետև համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկում ՀՀ ԱՆ ՔԿՎ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին ու մի քանի աշխատակիցների:
«Չորրորդ իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված, ապա ձերբակալված Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի զարմիկն է, որի հետ վերջինս բավականին մտերիմ հարաբերություններ ունի։ Թե ինչ չարաշահումներ են հայտնաբերվել այս հիմնարկում, որ ԱԱԾ-ն որոշել է մտնել դատապարտյալների հիվանդանոց ու հենց աշխատասենյակում ձերբակալել Խաչատրյանի զարմիկին՝ դժվար է ասել, քանի որ ԱԱԾ-ի լրատվական ծառայությունը որևէ կերպ չի մեկնաբանել կատարվածը։ Մյուս կողմից էլ՝ նույն ԱԱԾ-ն գիտակցել է, թե ում է ձերբակալում։ Կարելի է ենթադրել, որ անառարկելի ապացույցներ է ունեցել Սասուն Խաչատրյանի եղբոր ձերբակալման համար։ Այս ամենը միջգերատեսչական լարվածության նոր ալիքի առիթ կարող է հանդիսանալ։