«ՉԻ» տեղեկություններով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մոտ մեկ շաբաթ աշխատանքի չի եկել։ Ասել են, թե հիվանդ է։ Երկուշաբթի օրվանից նա վերադարձել է աշխատանքի՝ ակնհայտորեն վատ տրամադրությամբ։ Հավելենք նաև, որ Դավթյանի հեռացման հարցը իշխանության օրակարգում է։ Միանշանակ որոշված է, որ վերջինս չի շարունակելու պաշտոնավարել։ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել ԱԱԾ բարձրաստիճան աշխատակցի վրա, որի նշանակումը սարերի հետևում չէ։ Ի դեպ՝ Սասուն Խաչատրյանի թեկնածության քննարկումը փակված է։ Նրա համար լոբբինգ անողները խորը հիասթափության մեջ են։
Հավելենք նաև, որ համակարգում սպասում են այս նշանակմանը, որովհետև Դավթյանի առաջնորդությամբ աշխատելն իսկական փորձանք է դարձել դատախազության ներկայացուցիչների համար։ Բանն այն է, որ Դավթյանը որևէ կերպ չի ընկալվում որպես իշխանության թիմի անդամ։ Չնայած նրա ջանքերին՝ միևնույնն է, նա օդից ընկածի կարգավիճակում է։ Սա իր հերթին դժվարություններ է ստեղծում, որովհետև դատախազները չգիտեն՝ ինչպես պահեն իրենց։ Ազդեցիկ միջնորդությունները մերժել չեն կարողանում և ստիպված անընդհատ մանևրում են դատախազի անձի և իշխանության առանցքային դեմքերի արանքում։ Հիմա սպասում են, որ Փաշինյանի յուրայինի նշանակմամբ՝ համակարգը գոնե «խաղի կանոն» կունենա, և իրենք էլ ստիպված չեն լինի զանազան միջնորդություններ բավարարել։ Կարճ ասած՝ Փաշինյանի ընտրությամբ մեկը կգա, ու նա էլ պատասխանատվություն կվերցնի համակարգի բնականոն գործունեության համար։ Դատախազներն իրենց ապահով կզգան, իրավիճակները կանխատեսելի կլինեն, իսկ Փաշինյանն էլ վերջապես կկարողանա ազատվել նախկին «օժիտից»։
Գոհար Վեզիրյան