«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանի փոխքաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանը օրեր առաջ վարել էր ուղևորափոխադրող «Գազել»` խորհրդանշելով, այսպես կոչված, «հուսահատության Գազելների ավարտը»։
Լրատվամիջոցներից մեկը, հղում անելով ոստիկանության իր աղբյուրին, պնդել էր, որ Ավինյանն ունի B կարգի վարորդական վկայական, որը ստացել է 2017-ին, սակայն «Գազել» մակնիշի միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար պահանջվում է D կարգի վարորդական վկայական։
Այս հարցը քննության առարկա է դարձել իրավապահ համակարգում` «անհատական տվյալների անօրինական արտահոսքի» մասով:
«ՉԻ». Այնտեղ Տիգրան Ավինյանը «Գազել» քշելով կանոնների խախտման մի ամբողջ ծաղկեփունջ է հավաքել, դա թողած, ընկել, արտահոսքի աղբյուրն են ման գալիս:
Բացի նրանից, որ միկրոավտոբուս քշելու իրավունք չի ունեցել, նկատել եք, չէ՞, որ Ավինյանը մեքենան վարում է առանց ամրագոտին կապելու:
Մի քիչ էլ քթիմազություն անենք, պիտի ասենք, որ այդ «Գազելի» ուղևորներին տեղ չեն հասցնում: Ճամփի կեսից իջեցնում, ասում են՝ վերջ, էլ չենք կարող տանել:
Որպեսզի ոստիկանությունը մեր ետևից շատ չընկնի, միանգամից ասենք, որ մեր դիտարկումների աղբյուրը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքն է: