Այսօրվա խորհրդարանական մեծամասնությունն ու փոքրամասնությունը լավ էլ գտել ու սազում են իրար՝ քաղաքական գործընթացների ու իրավիճակի վերաբերյալ ջրալի վերաբերմունքով, մոտեցումներով և անլրջությամբ մրցելով իրար հետ։ Դա հատկապես վառ է արտահայտվում Սահմանադրական դատարանի կնճռի հանգուցալուծման հարցում։
Սահմանադրական դատարանի խնդիրը լուծելու հարցում իշխանության անլրջությունը երևաց նրա քայլերի հաջորդականության մեջ։ Հեղափոխությունից հետո գրեթե մեկ տարի իշխանությունն ընդհանրապես անուշադրության էր մատնել ՍԴ հարցը, որևէ խնդիր ու վտանգ չէր տեսնում այնտեղ, ոչ մի քայլ չէր ձեռնարկում Սահմանադրական դատարանը քաղաքական նոր իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ, այսինքն՝ ցուցաբերում էր քաղաքական անհեռատեսություն։
Հետո, երբ տեսավ Սահմանադրական դատարանից եկող հնարավոր ու շատ լուրջ վտանգները, այլևս անհնար էր կտրուկ քայլերով ու հեղափոխության տրամաբանությունից բխող օրենքներով լուծել թնջուկը։
Այսպիսով, երկու տարվա ընթացքում իշխանությունը, խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը այդպես էլ չկարողացան լուծել Սահմանադրական դատարանի հարցը։ Այս ընթացքում, հատկապես երբ տեսան, որ ներկայիս կազմով ու Հրայր Թովմասյան նախագահով ՍԴ-ն շատ լուրջ ական է պետության տակ, հարցի լուծման մի քանի տարբերակներ առաջադրեցին՝ մեկը մյուսից վատ ու անիրատեսական։ Ի վերջո որոշվեց հարցը լուծել սահմանադրական հանրաքվեի միջոցով, սակայն կորոնավիրուսը կանգնեց դրա ճանապարհին։
Իշխանությունն այժմ ձեռնարկել է սահմանադրական հանրաքվեն չեղարկելու ու ՍԴ հարցը խորհրդարանի միջոցով լուծելու տարբերակը, որը, ըստ նախնական հայտարարությունների, էականորեն տարբերվում է հանրաքվեում ներկայացված նախագծից ու ավելի մեղմ լուծումներ է առաջարկում։
Սահմանադրական դատարանի հարցում խորհրդարանական ընդդիմության անլրջությունը ցայտուն կերպով երևում է իշխանության առաջարկած տարբերակների վերաբերյալ ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի մոտեցումների մեջ։
Երբ իշխանությունն առաջարկում էր հարցը խորհրդարանի միջոցով լուծելու տարբերակը, ընդդիմադիրները հայտարարում էին, թե դա հակասահմանադրական է, խախտվում են մի շարք օրենքներ։ Երբ իշխանությունն առաջարկեց խնդիրը սահմանադրական հանրաքվեի միջոցով լուծելու տարբերակը, այս անգամ էլ սկսեցին հայտարարել, թե դա է հակասահմանադրական, ինչու են ժողովրդին չարչարում, տանում հանրաքվեի, պատասխանատվությունը դնում նրա վրա, այն դեպքում, երբ կարող են Ազգային ժողովի միջոցով լուծել հարցը, հատկապես, որ խորհրդարանում ունեն անհրաժեշտ ձայների քանակ։
Հիմա իշխանությունը վերադարձել է հարցը խորհրդարանի միջոցով լուծելու տարբերակին, և ԼՀԿ ու ԲՀԿ պատգամավորները նորից ձայները գլուխներն են գցել, թե իշխանությունը գնում է հակասահմանադրական ճանապարհով, ավելին, ասում են՝ «Ինչո՞ւ եք վախենում, արտակարգ իրավիճակը կավարտվի, կանեք հանրաքվեն»: Այն հանրաքվեն, որը հակասահմանադրական են համարում։
Համլետ Կիրակոսյան