...

Ալեն Սիմոնյանը՝ սեփական օրինակով

Ալեն Սիմոնյանը՝ սեփական օրինակով

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս-հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ: Ինտերակտիվ միջավայրում անցկացված դասի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայտնի քաղաքական գործիչներին բնորոշ և դրական գնահատականի արժանացած ու մերժելի դասագրքային և իրական օրինակների: 

Աշակերտների խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է քաղաքական բանավեճ վարելու գրագետ մոտեցումներին և վերջին տարիների քաղաքական մտքի հանրահայտ բանավեճերի հաջողված և տապալված օրինակներին: 

Հետո էլ զարմանում ենք, որ կրթությունն այս վիճակում է։ Դպրոցից արդեն ամեն ինչ փչացնում ենք, ապա բարձրագույն կրթության չլրացվող տեղերից ողբերգություն հյուսում։ Չնայած՝ այս դեպքում լայվ շփումը կարող է հակառակ էֆեկտը թողնել։ Օրինակ՝ տարիներ առաջ, երբ ես դպրոցական էի, մի ուսուցիչ ունեինք, որն անընդհատ դասարանում վատ էր արտահայտվում Վանո Սիրադեղյան քաղաքապետի մասին։ Այնպիսի բառեր էր օգտագործում, որ եթե հիմա լիներ, ու այդ ձայնագրությունը հայտնվեր համացանցում՝ միանշանակ գործ կհարուցեին։ Ես ու ինձ նման շատ երեխաներ այնքան չէինք սիրում այդ ուսուցչին, որ միայն իրեն հակառակվելու համար սկսեցինք մեզ հռչակել Վանո Սիրադեղյանի համախոհներ։ Մեկ-մեկ անգամ բարձրաձայն անհամաձայնություն էինք հայտնում ու դառնում ուսուցչի սև ցուցակի «ապրանք»։ Զզվանքն առ այդ ուսուցիչն ամեն օր ավելացնում էր վանոյականների թիվը։ Եթե չլիներ այդ ուսուցիչը, գուցե շատերս այդպես էլ չխորանայինք թեմայի մեջ, հատկապես որ մեր սերունդն այդպես էլ առիթ չունեցավ Սիրադեղյանին տեսնելու «գործի մեջ»։    

Ալեն Սիմոնյանի շանսերը բավական մեծ են նկարագրված ուսուցչի հետ նույնականանալու իմաստով։ Հուսանք՝ ինտերակտիվ միջավայրում իրական օրինակով շատերը գլխի են ընկել, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական գործիչը։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   731 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ