ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ալիևին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Հայկական ՖԲ տիրույթն ահագին մեմեր ստեղծեց:
Բայց հուսամ, լավ եք հաշվել: Ուշադիր կլինեք, հաջորդ հնարավոր հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք: Նման դրվագները դժվար են մարսվում»:
«ՉԻ». Պատկերացնում ենք, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ Իլհամ Ալիևին այսքան սպասեցնեին սենյակում: Այդ դեպքում՝ Տիգրան Մեծի հիշատակով ենք երդվում, Սերժ Սարգսյանին մի 10 հատ Ազգային հերոսի կոչում կտային, նրան կհամեմատեին Հայկ Նահապետի ու Հուլիոս Կեսարի հետ:
Այո, շատ, շատ ափսոս, որ այս հիշարժան իրադարձությունը Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում է եղել: Գովել չես կարող, քննադատելու էլ տեղ չկա, մնում է մի բան ասելու համար մի բան ասել: Իբր զգուշացնում է, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը վերելակում չմնա, կամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ սենյակում մենակ չմնա, կամ պաշտոնական ընթրիքում կծու պղպեղից հեռու մնա: Կամ Ալիևը Ալեն Սիմոնյանի հետևից ձեռքը չմեկնի ու հարվածի վարչապետին, հետո ծլկի: Պետք է, իհարկե պետք է ուշադիր լինել: