Երեկ Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում բազմամարդ հանրահավաքներ ու ցույցեր են տեղի ունեցել՝ Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմ սկսելու կոչերով։ Բոլոր ակցիաներն անցել են հակահայկականության մթնոլորտում ու կարգախոսներով, որը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ տարիներով իրականացվող պետական քարոզչության արդյունքն է։
Հանրահավաքներում առկա տրամադրություններից ու ընթացքից դժվար չէ ենթադրել, որ այն ի սկզբանե կազմակերպվել էր Ալիևյան իշխանության կողմից։ Բռնապետական Ադրբեջանում այլ կերպ հնարավոր չէ բազմամարդ հանրահավաքներ կազմակերպել ու անցկացնել։
Միջազգային վերլուծաբանները նշում են, թե նման հանրահավաքներ կազմակերպելով՝ Ալիևի իշխանությունը փորձում է լուծել երկու հարց՝ արտաքին ու ներքին. 1) միջազգային հանրությանը ցուց տալ, որ Ադրբեջանի ժողովուրդը պատերազմ է ուզում ու ըստ այդմ ազդել բանակցությունների ընթացքի վրա և 2) մարել ու կառավարել ներքին դժգոհությունները, որոնք կրում են ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բնույթ։
Այս երկրորդը առավել ակնառու է դառնում, երբ դիտարկում ենք վերջին շրջանում Ադրբեջանի ներքաղաքական կյանքում արձանագրվող գործընթացներն ու Ալիևի իշխանության շուրջ օղակի սեղմումը, որը վերջինս փորձում է լուծել իշխանական վերնախավում ձեռնարկված վերադասավորումներով, հատկապես երկու հանգուցային՝ արտաքին գործերի ու պաշպանության նախարարությունների մասերով։
Սակայն, ինչպես և սպասելի էր, երեկ Ալիևյան ռեժիմի կողմից կազմակերպված ու օժանդակած հանրահավաքը Բաքվում ինչ-որ պահի դուրս է եկել վերահսկողությունից, պատերազմական ու հակահայկական կոչերին զուգահեռ հնչել են հակաիշխանական կարգախոսներ, իշխանավորների հասցեին քննադատություններ, սոցիալական բնույթի բողոքներ ու առանձին պաշտոնյաների հրաժարականների պահանջներ։ Ցուցարարները նաև ներխուժել են խորհրդարանի շենք։ Ի վերջո, ոստիկանությունն ու հատուկ ուժերը դիմել են ուժային միջոցների և արցունքաբեր գազով ու մահակներով ցրել ցուցարարներին։
Իհարկե, չի բացառվում, որ այս ամենը ևս իշխանության կողմից ծրագրված ու իրականացված սցենար լինի։ Սակայն հավանական է նաև հանրահավաքի երկրորդ՝ հակաիշխանական մասի մեխանիկական ու, այսպես ասած, ինքնաբուխ բնույթ կրելը, հատկապես, երբ այն դիտարկում ենք այն փաստի ներքո, որ հանրահավաքի միջնամասում դրան են միացել մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Փաստորեն, Ալիևը կարող է ընկնել իր իսկ փորած փոսը և հանրահավաքների շարունակության դեպքում կանգնել իշխանությունը կորցնելու ռեալ վտանգի առաջ։ Այդ վտանգն առկա է իրադարձությունների հնարավոր զարգացման երկու դեպքում էլ. եթե անսա ցուցարարների կոչերին ու պատերազմ սանձազերծի, նրա բանակին սպասվող հերթական պարտությունը կնշանակի ոչ միայն իշխանությունից հեռացում, այլև ավելի ողբերգական հետևանքներ իր համար։ Եթե չլսի ցուցարարներին, ապա հնարավոր հանրահավաքները կարող են շուռ գալ կոնկրետ իր դեմ, իսկ հետագա գործընթացները՝ հանգեցնել իշխանափոխության։
ՀԳ. Ալիևի գործողություններն ու դրանց արդյունքները ինչ-որ տեղ նմանվում են Հայաստանի նախկին իշխանությունների գործողություններին. ինչ ձեռնարկում ու անում են, ի վերջո շուռ է գալիս իրենց դեմ ու վնասում իրենց։
Համլետ Կիրակոսյան