...

Անձի լեզվական դիմանկարը. Միքայել Մինասյան

Անձի լեզվական դիմանկարը. Միքայել Մինասյան

Սիրելի՛ ընթերցողներ, այսուհետև ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու երկրի կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցնելու հայտ ներկայացնող գործիչների լեզվական տարաբնույթ սխալները, նրանց բառապաշարը, խոսքի առանձնահատկությունները, որոնք, կարծում ենք, սույն անձանց էությունը բացահայտելու ճշգրիտ միջոց են:

Հայաստանի Հանրապետությունում պետական լեզվի գրական տարբերակի նկատմամբ փնթի, անխնամ վերաբերմունքը ցույց է տալիս քաղաքական, հասարակական դիրք ունեցող անհատի իրական վերաբերմունքը երկրի և հասարակության նկատմամբ: Սկսենք Միքայել Մինասյանից:

Նշենք, որ ներկայացվող նյութը նրա վերջին հարցազրույցից է:

1. Ուղղախոսական սխալներ. 

  • գիդեն - գիտեն, 
  • եղե - եղել, 
  • պարտվե - պարտվել, 
  • զրուցե - զրուցել, 
  • նախագա - նախագահ, 
  • վստա - վստահ, 
  • առաջի - առաջին, 
  • վերջի - վերջին, 
  • ժողովուրդի - ժողովրդի, 
  • թմի - թիմի, 
  • թմից - թիմից, 
  • թմով - թիմով, 
  • թմեր - թիմեր, 
  • էրկու - երկու, 
  • արուն - արյուն, 
  • որդե- որտեղ,  
  • Իռան - Իրան, 
  • Իզրայել - Իսրայել և այլն:

2.    Բառագործածության սխալներ.

  • ելակետային կետ - ելակետ, 
  • միջին մարդ - սովորական մարդ, սովորական քաղաքացի,
  • քարոզում եմ անցյալի հետ համերաշխություն - անցյալի հետ հաշտվել (համերաշխություն- солидарность, solidarity), 
  • պրոֆեսիոնալներից բաղկացած թմով - մասնագետներից կամ արհեստավարժներից կազմված թիմով (անձը բաղադրիչ չէ), 
  • ձայնատուփ - քվեատուփ, 
  • ...նույնքան կարևոր է, քան քո կարծիքը - նույնքան կարևոր է, որքան քո կարծիքը, 
  • ես վստա(հ) չեմ խաբելու - ես հաստատ չեմ խաբելու և այլն: 

3.    Քերականական սխալներ. 

  • պարտավոր ես փող չվերցնես - պարտավոր ես փող չվերցնել, 
  • ուզում ես զբաղվես - ուզում ես զբաղվել, 
  • էլեմենտար ա դա - դա տարրական բան է, 
  • ձեռ ա տալիս - ձեռնտու է, 
  • բացի որ հեռացնելու եմ - բացի հեռացնելուց, բացի նրանից, որ հեռացնելու եմ, 
  • ես ընտրում եմ Հայաստանի Հանրապետությանը - ես ընտրում եմ Հայաստանի Հանրապետությունը, 
  • ես գնում եմ դեպի փրկության - ես գնում եմ դեպի փրկություն, 
  • ես կարամ ասեմ - ես կարող եմ ասել, 
  • չեք կարում - չեք կարողանում և այլն: 

Իսկ այժմ անդրադառնանք հարցազրույցի բանալի բառերին:

  • Դրանցից մեկը գերեզմանն է, որ մեկ դառնում է գերեզմանոց, մեկ՝ գերեզմանափոս: Միքայել Մինասյանը թաղել է Հայաստանը: 
  • Հաճախ են կրկնվում արյուն, հող բառերը, որոնք անխնա շահագործվում են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Նշենք, որ սա հասարակության վրա ազդելու և իրենց էությունն ու նպատակները կոծկելու հնարք է: 
  • Իշխանության պատասխանատվության մասին խոսելիս Միքայել Մինասյանն ասում է՝ դա «խաչ է, որ պատված է սրբազան արյամբ»: Ի՞նչ հասկանանք Վատիկանում դեսպան աշխատած և Վենետիկում կրթություն ստացած սույն այրի խոսքից: Մի՞թե այն, որ հանուն իշխանության արյուն է թափվել, թե՞ պետք է թափվի: 
  • Հայաստանի ողբերգական վիճակի մասին այսպես է արտահայտվում. «մեր վրա պարապում են ոտ սրբել»: Ի՞նչ լեզվով է այս «ուժգին» խոսքը: 
  • Տասնյակ անգամներ կրկնվում է ես դերանունը՝ ես երբեք չեմ խաբում (հաստա՞տ), ես գնում եմ, ես պատժելու եմ, ես, ես... Սա ցույց է տալիս, որ անձը նույնքան եսակենտրոն է, որքան Նիկոլ Փաշինյանը: 

Ամփոփենք: Անշուշտ, համոզված ենք, որ պ. Մինասյանը պնդելու է, թե ռուսական կրթություն ունի, թե խոսակցական հայերենի տարրեր է գործածել: Սակայն ռուսական կրթություն ունեցող մեր բազմաթիվ հայրենակիցներ չեն ծուլացել և նորմալ հայերեն են սովորել: Այսքան փնթի խոսքով հանդես չի եկել անգամ ռուսական կրթություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը. նա, ի տարբերություն Մ. Մինասյանի, միշտ ձգտել է պահպանել պաշտոնական խոսքի նորմերը, այն է՝ խոսել գրական հայերենով: 

Միքայել Մինասյանի խոսքը նաև ցույց է տալիս, որ իրական ասելիք և անելիք նա չունի, փնթի է և եսակենտրոն:

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1349 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ