...

«Անհայտ հայրիկ»-ը վիրավորական է, «հայտնի հայրիկը»` կոմպլիմե՞նտ

«Անհայտ հայրիկ»-ը վիրավորական է, «հայտնի հայրիկը»` կոմպլիմե՞նտ

Քաղաքական բանավեճի կուլտուրան մեզանում երբեք չի փայլել վայելչությամբ ու կոռեկտությամբ, իսկ հեղափոխությունից հետո այլևս գործ ունենք այդ կուլտուրայի իսպառ բացակայության հետ: Ընթերցողը կհիշի, թե ինչ որակ ունեին Աժ-ում և քաղաքական մնացած հարթակներում ծավալվող զրույց-բանավեճ-երկխոսություններն  ու խոսքի ինչպիսի անկուլտուրական դրսևորումների էինք և ենք ականատես լինում: ԱԺ-ն տվել է այնպիսի «խոսքի վարպետներ», ինչպիսիք են Շմայս մականունով հայտնի հայհոյաբան Առաքել Մովսիսյանը, նույն գծով «կարմիր գոտի» ունեցող Թոխմախի Մհերը, Նեմեց Ռուբոն, «հետևին ձեռ տալու» թուլություն ունեցող գեներալ Մանվելը, ինչպես նաև այլ դեպքեր` կին պատգամավորի հղի լինելը վկայակոչելով նրա ելույթների ադեկվատությունը կասկածի տակ դնող ու ծաղրող ՀՀԿ-ական տղամարդ պատգամավորներ, իրենց սեռի նկատմամբ ցուցաբերվող այս այլանդակ վարքին եղող ու քթի տակ քրքջացող ՀՀԿ-ական կին պատգամավորներ, ինչպես նաև բանավոր խոսքի այնպիսի մնայուն արժեքներ, ինչպիսիք են «քաղաքական չարիք»-ը, «գլխին բամփել»-ը, «չաթլախ»-ը, «շիշը հեսա կտամ գլխիդ»-ը, «դիշովկա»-ն և այլն, և այլն: Թե ինչպիսի բառապաշար ու ոճ է գործածվում այս նույն ՀՀԿ-ականների ու քոչարյանականների և նրանց սպասարկող գործիչների ստատուսներում ու հարցազրույցներում, թե ինչպիսի էպիտետներով են վերջիններս բնորոշում իշխանության ներկայացուցիչներին` չխնայելով անգամ կանանց, մեկ բառով կարելի է բնորոշել այսպես` խայտառակ: Նախկին իշխանության «ինտելիգենցիայի ներկայացուցիչներից» մեկը, օրինակ, օրերս իր ստատուսում «քաղցկեղածին ուռուցք» և «ատելության առաքյալ» էր անվանել ՀՀ վարչապետին: Թե ինչ տեղի կունենար նրանց հետ, ովքեր նույն բառապաշարը կհանդգնեին գործածել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օրոք ու կոնկրետ նրանց հասցեին` նույնիսկ սարսափելի է պատկերացնելը` Պողոս Պողոսյանի օրինակը վկա: 

Երեկ ֆեյսբուքը «Արփինե ջան, կներես» թեմայով բարոյախրատական մի արշավ էր սկսել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դեմ` նրան մեղադրելով ոչ կոռեկտության, ճղճիմ, ոչնչություն, ստահակ, ստոր լինելու մեջ, քանի որ վերջինս լրատվականներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի դիտարկումներին, գործածել էր այնպիսի անթույլատրելի բառեր, ինչպիսիք են «հայրիկն» ու «մայրիկը»: Լրագրողը, մասնավորապես հիշեցնելով, որ Արփինե Հովհաննիսյանի վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել է նաև իր և նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անունը, Անդրանիկ Քոչարյանն արձագանքել էր. «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը։ Մեր հայտարարագրերը, կոնկրետ իմ պարագայում հասանելի են հասարակության բոլոր անդամներին»: Քոչարյանը նաև նշել է, որ եթե փաստեր կան, պետք է խոսել փաստերով, եթե ոչ, պետք է լռել։ Ահա հենց այս երկու «մայրիկ» և «անհայտ հայրիկ» բառերի գործածում էլ փոթորկել էր ֆեյսբուքահայության բարոյական անդորրն ու Քոչարյանին բողոքի նոտա հղելու պատճառ դարձել: Եղան նաև իրենց քաշով մեկ «բարոյականության ու կոռեկտության մարմնացում» այնպիսի ֆեյսբուքցիներ, որոնք դրեցին Քոչարյանի` խմբակցությունից անհապաղ հեռանալու հարցը: Ինչևէ: Այժմ փորձենք վերլուծել Քոչարյանի խոսքը, որն ի դեպ, մի շարք սերժաքոչարյանական կայքեր, սովորության համաձայն, կտրել էին կոնտեքստից ու աղավաղված մատուցել, ավելին` հայրիկի ու մայրիկի վերաբերյալ դիտարկումը դարձրել նյութի վերնագիր: Ինչ է ասում Քոչարյանը. ընդամենը այն, որ որևէ բանի մասին խոսելիս, առավել ևս` մեղադրանք առաջադրելիս, տիկինը պետք է հիմնվի բացառապես փաստերի վրա, ապա թե ոչ` նույն հաջողությամբ ուրիշներին վերագրվող անփաստ մեղադրանքները այդ նույն ուրիշները կարող են հնչեցնել նաև իր  ծնողների հասցեին: Այստեղ, սակայն, շատ նուրբ և նեղանձնական խնդիր կա, որի վրա խաղալով, ավելին`իրենց կոչի ենթատեքստում անամոթաբար շահարկելով էլ տիկնայք և պարոնայք բարոյագետները փորձում էին աչք մտնել: Խոսքը Արփինե Հովհաննիսյանի հոր մասին է, որը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` քրեական անցյալ է ունեցել: Նա, անշուշտ, քիչ հայտնի է հասարակությանը, քան Հովհաննիսյանի մայրը` Աննա Մկրտչյանը, որը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժնի պետն է, և քանիցս հարցազրույց է տվել մամուլին: Ինչ է ստացվում, եթե Քոչարյանը գործածեր «հայտնի հայրիկ», անհայտ մայրիկ կապակցությունները` նրա խոսքը կհամապատասխաներ  կոռեկտության չափանիշների՞ն: Եթե այս ծիծաղաշարժ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կստացվի, որ հայտնի հայրիկ կամ մայրիկ ունեցողների մասին արտահայտվելիս երբ գործածենք նրանց ծնողների հայտնիությունը` թունդ կոմպլիմենտ արած կլինենք, իսկ եթե նրանց ծողների անհայտ լինելու մասին հիշատակենք` վիրավորական արտահայտություն թույլ տված կլինենք: Չխորանալով այս մառազմատիկ մեկնաբանությունների մեջ` Քոչարյանի խոսքից բորբոքվածներին ընդամենը խորհուրդ ենք տալիս ուշադիր հետևել Արփինե Հովհաննիսյանի հրապարակային խոսքին, ֆեյսբուքյան ստատուսներին, որոնց առանձին հատվածներ ոչ կոռեկտ խոսքի կենդանի հուշարձաններ են: Ահա վերջիններից մեկը. «Ուսանողական տարիներին լավագույներից մեկը չհամարվելու բարդույթը չհաղթահարած նախկին ուսանողս ինձ պատասխանել է։ Ամենևին անսպասելի և զարմանալի չէր, որովհետև համոզված էի, որ երիտասարդի «տղամարդկային» և մարդկային արժեքների համախումբը հանգեցնելու է ինձ այսքան էժան պատասխանելուն»։ (Ուշադրություն դարձրեք` տիկինը տղամարդկային բառը չակերտների մեջ է առել): Սա ուղղված է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, որին, ի դեպ, Հովհաննիսյանը «ինքնասիրահարված անուղեղ» էր անվանել կոռեկտությամբ չփայլող ֆեյսբուքյան օգտատերերից մեկի էջում:  

Հ.Գ. Նկատենք, որ խոսքի կռեկտությամբ չեն փայլում նաև իշխանության ներկայացուցիչներից շատերը: Հասկանալի է, որ երբ քարոզչական պատերազմում դիմացինդ գործում է «մարտեր առանց կանոնների»-ի սկզբունքով, կամ էլ քեզ ոչնչացնելու համար տանկ, գնդացիր, իսկանդեր է կիրառում, ապա հրաձգությանը պետք է պատասխանել համարժեք զենքերով: Սակայն պատասխան հրաձգությանը կարելի նաև մի քիչ ակադեմիականություն հաղորդել, երբեմն էլ պարզապես արհամարհել հակառակորդի ճղճիմ սադրանքները:    
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6690 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ