Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ խոսելով կառավարության գործունեության, իրականացված ու իրականացվող ծրագրերի, տարբեր ոլորտներում արձանագրված ցուցանիշների մասին՝ դրանցից շատերի համար՝ որպես գնահատողական բնորոշում, օգտագործում է աննախադեպ բառը։ Այնքան է պատեհ-անպատեհ օգտագործել այդ «աննախադեպ»-ը (մեծավ մասամբ անպատեհ ու չափազանցված գույներով), որ արդեն շատերը լուրջ չեն ընդունում ներկայացվածը։
Իհարկե, պետք է ընդունել, որ որոշ դեպքերում աննախադեպության նրա օրինակները ճիշտ են։ Ասենք՝ ճանապարհաշինությունն ու ասֆալտապատումը։ Ծավալային ու որակական առումով այդ աշխատանքներն իրոք աննախադեպ են։ Կարելի է այսպիսի աննախադեպերի մի քանի օրինակներ էլ հիշել։
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ չափազանցության հասցված «աննախադեպերի», այսօրվա մեր իրականության մեջ կան երևույթներ ու վիճակներ, որոնք իսկապես աննախադեպ են։ Այս շարքի աննախադեպերը բոլորովին այլ դաշտում են։
Աննախադեպ է, որ ամենաբարձր մակարդակով ամիսներ շարունակ հայտարարություններ արվեն, թե երկրում նախապատրաստվում է պետական հեղաշրջում, տարբեր շրջանակներում հյուսվում են դավադրություններ, սակայն համապատասխան մարմիններում գործնական քայլեր չարվեն դրանց դեմն առնելու ուղղությամբ։ Ամեն դեպքում նման տեսանելի քայլեր չեն երևում։ Փոխարենը՝ շարունակում ենք տեսնել դավադրությունների և կազմակերպվող հեղաշրջման նախանշաններ։
Նյութվող դավադրության մասին մի քանի անգամ ակնարկել է Նիկոլ Փաշինյանը։ Հեղաշրջման փորձերի մասին խոսել են բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխանական պատգամավորներ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ երկրում հեղաշրջման փորձ է եղել՝ հայտարարելով, որ դա կանխվել է և այժմ որևէ խնդիր չկա. «Ես անունների մասին այս պահին հստակ բան չեմ ասի։ Ես կարող եմ ասել, որ առաջացել են նման խնդիրներ, և նաև ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան, և կանխվել են։ Եվ դրա օգտագործման տարբեր ձևեր են եղել՝ սկսած ֆեյք նյուզից կամ ինֆորմացիայից, մինչև մեր քաղաքական թիմին սևացնելու միջոցով փորձել տարբեր քայլեր ձեռնարկել, օրինակ, ասել, որ պետական համակարգը չի աշխատելու, տնտեսությունը ձախողվելու է, որ հողեր ենք հանձնում։ Ամեն առավոտ հայտարարում էին, որ հողեր ենք հանձնում, նույնիսկ հասել էին այն մակարդակի, որ հայտարարում էին՝ Հայաստան սպառազինություն չի մտնում։ Նույնիսկ կուսակցության մակարդակով այդպիսի հայտարարություն է եղել։ Բայց 2019 թվականի արդյունքներն ամփոփելիս՝ պարզվել է, որ Հայաստան աննախադեպ քանակի զենք է մտել»։
Կանխված հեղաշրջման հետևանքների մասին Արմեն Գրիգորյանն ընդամենն ասել է. «Այս պահին քննություն է ընթանում, եթե քրեական գործի անհրաժեշտություն լինի, կլինի»։ Այսինքն՝ դեռ հարց է, պետական հեղաշրջման կազմակերպիչները կամ դավադիրները կպատժվե՞ն, թե՝ ոչ։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Սա, իրոք, աննախադեպ է։ Մանավանդ՝ թավշյա։
Աննախադեպության ևս մեկ օրինակ։ Հայկական իրականության մեջ աննախադեպ է տեղեկատվական աղբի, ապատեղեկատվության այն հեղեղը, որ ամեն օր, ամեն ժամ ու ամեն րոպե թափվում է հանրության վրա։
Աննախադեպ է կոռուպցիոն, թալանված փողերով սնվող լրատվամիջոցների այն քանակը, որն առկա է այսօր։ Ու, ընդհանրապես, աննախադեպ երևույթ է, որ երկրի լրատվամիջոցների 85-90 տոկոսը սպասարկի կոռուպցիոն շրջանակների շահերը, իսկ իշխանոււթյունները ուղտի ականջում քնած լինեն և միայն սոցցանցերում որոշ պաշտոնյաներ բողոքեն այդ երևույթի դեմ։ Բանը հասավ այնտեղ, որ երկրի վարչապետը կառավարության նիստում բացահայտ հայտարարեց, որ երկու հեռուստաընկերության լոգոյի տակ կարելի է գրել կոռուպցիա բառը, այսինքն՝ բարձրաձայնեց անօրինականության ու ստվերային երևույթների մասին, սակայն դրան իրավական հետևանքներ չհետևեցին։
Մի աննախադեպի մասին էլ։ Աննախադեպ է, որ երկրիս ընդդիմությունը այնքան չսիրված ու չընդունված լինի, ինչպես այսօր է։ Հայաստանյան հանրության շրջանում ընդդիմությունը մշտապես հանրային մեծ աջակցություն, սեր ու հարգանք է վայելել, հասարակության գերակշիռ մասը վստահել, հավատացել է ընդդիմադիրներին, գնացել նրանց ետևից։ Այսօր հակառակ պատկերն է։
Արձանագրենք, որ այս երկրորդ շարքի աննախադեպերի մի մասը իշխանության գործունեության, ավելի ճիշտ՝ անգործության արդյունք է։
Համլետ Կիրակոսյան