...

Աննախադեպ սկանդալաշար

Աննախադեպ սկանդալաշար

Թեպետ մեզ այլևս դժվար է ինչ-որ բանով զարմացնել, բայց մեկ է, չէինք սպասում, որ Հայաստանում նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ կապված սկանդալ կարող է ծագել: Մեզ միայն դա էր պակասում:

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը:

ԱԳՆ խոսնակը դա այսպես է մեկնաբանել. «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել նրա պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»:

Մարիան Քլարկ-Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020-ի ամռանը, կարելի է ասել՝ պատերազմից առաջ: Ու ՀՀ իշխանությունները նրան հասցրել են հայտարարել «պերսոնա նոն գրատա»:

Քոչարյանական լրատվամիջոցներն արդեն տարածել են, որ նա լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի: Թե ինչ բնույթի լրտեսություն է արել, չեն ասում: Բայց եթե իսկապես արել է, նշանակում է, Հայաստանում եղել են մարդիկ, որոնք նրան պետական կամ ռազմական նշանակության ինչ-որ կարևոր տեղեկություններ են հաղորդել, որովհետև տիկին Քլարկ-Հաթինգը կամ միջազգային այլ կառույցի ներկայացուցիչ ինքն իրենով չի կարող լրտեսությամբ զբաղվել, եթե տվյալ երկրում չունենա գործակալներ:

Բայց երկու դիտարկում այս սկանդալի վերաբերյալ արժե ներկայացնել. առաջին՝ Հայաստանում լրտեսություն անելը կամ կարևոր տեղեկություններ հայթայթելը ներկայումս այնքան էլ բարդ գործ չէ: Այսօր կառավարության կամ պետական այլ կառույցներից օրական այնքան տեղեկատվական արտահոսք է լինում, որ լրտեսի կարիք էլ չկա: Կարելի է տանը՝ կոմպի առջև նստած, բոլոր «սլիվները» հավաքել, փոխանցել ում որ պետք է ու մի բան էլ դրա համար փող ստանալ:

Եվ երկրորդ. Արմեն Աշոտյանը մի հատ կատաղած ստատուս է գրել, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն չի կանխել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հեռացումը Հայաստանից և «առնվազն մի լաաավ հարցաքննել։ Բա գուցե Գագիկ Սողոմոնյանը հենց ի՞նքն էր։ Գոնե դրա խաթր մի քանի օր բա խի չպահեցիք»:

ՀՀԿ-ի փոխնախագահին, նախկին նախարարին արժե մի փոքրիկ «սպրավոչկա» տրամադրել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի հովանու ներքո գործող դիվանագիտական ներկայացուցչություն է, հետևաբար, նրա ղեկավարն էլ դիվանագետի կարգավիճակ ունի: Այսինքն՝ օժտված է դիվանագիտական անձեռմխելիությամբ, նրան չի կարելի ձերբակալել, հարցաքննել կամ մի քանի օրով պահել: Եթե Աշոտյանը տեղյակ չէ Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիայից, խնդիր չկա, կարող ենք դրա մասին մի քանի հղում ուղարկել: Մարդ ես, կարող է վաղը իշխանության գան, չբռնեն ու այստեղ օտարերկրյա դիվանագետների հետևից ընկնեն:

Հ.Գ. Իրան թռած ինքնաթիռի սկանդալը, «Իսկանդերի» սկանդալը, Դուբայում ռազմարդյունաբերական միջազգային սկանդալը, հիմա էլ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատմությունը. մի ամսում ավելի շատ միջազգային սկանդալների մեջ հայտնվեցինք, քան՝ վերջին 3 հազար տարում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1161 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ