Մարդու իրավունքների խնդրում չի կարելի խտրություն դնել յուրայինների և ոչ յուրայինների միջև։ Անկեղծ ասած՝ սա շատ հին թեմա է Հայաստանում։ Գուցե և այլ երկրներում է նույնը, բայց օտար երկրների գործերին միջամտելու իրավունք չունենք։ Ուստի դիտարկենք մերը։
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրն էր։ ՀՀԿ մի խումբ երիտասարդներ ՄԻՊ գրասենյակի մոտ էին։ Պաշտպանում էին Արմեն Աշոտյանի մարդու իրավունքները։ Լավ էին անում։ Որովհետև ինչպես էլ վերաբերվենք ՀՀԿ փոխնախագահին, չենք կարող չտեսնել, որ նրա բանտարկությունը քաղաքական է։ Ինչպես քաղաքական է Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի և այլոց կալանքը։
Գիտեմ՝ առարկելու եք։ Նախկինների մասին եմ խոսում։ Նրանք, իհարկե, հրեշտակներ չեն։ Բայց բանտում են քաղաքակա՛ն պատճառներով։
Ուստի անբարոյականություն է այլ կուսակցությունների, քաղաքական խմբերի, հասարակական կազմակերպությունների լռությունը և, մեղմ ասած, ամորֆ պահվածքը։
Ի՞նչ է, վախենում եք, որ ՀՀ ժողովրդավարական ռեյտինգը կընկնի՞։ Ոչինչ, մի երկու հականախկինական ստատուս կգրեք ֆեյսբուքում, լայքեր կհավաքեք, կդառնա ռեյտինգ։
Հիշեցնեմ, որ որոշ իրավապաշտպաններ նույն ամորֆ, անողնաշար կեցվածքն ունեին 2008-ի ողբերգական դեպքերից հետո։ Քանի որ, տեսե՛ք-տեսե՛ք, իրենք քաղաքական չեն, հասարակական են։ Իրենք զզվում են քաղաքականությունից։ Այնինչ պարզապես այն ժամանակվա ընդդիմության հակառակորդն էին, նաև չէին ուզում հարաբերությունները փչացնել իշխանության հետ։
Եզրակացնենք․ մարդու իրավունքները բոլորինն են։ Եվ այո՛, Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։
Զարուհի Գաբրիելյան