...

Անուղեղությունը պակաս կորոնավիրուս չէ

Անուղեղությունը պակաս կորոնավիրուս չէ

Կորոնավիրուսն աշխարհի միակ վարակն է, որը չվարակվածին զրկում է բանականությունից: Առողջապահության նախարարի ասուլիսը ֆեյսբուքյան տիրույթ բերեց բոլորին, որոնք մինչ այդ աչքի չէին ընկել ուղեղային խանգարումներով: Եվ ահա նախարարը ասուլիս է հրավիրում ու բոլորին փորձում հանգստացնել, փորձում է հասկացնել, որ ինքնին հիվանդությունը դատավճիռ չէ, մեռնելը նույնիսկ ջանքեր է պահանջում հիվանդից: 

Ասուլիսի առիթը Իրանի մայրաքաղաք Թեհրանից Երևան վերադարձած քաղաքացու մոտ հայտնաբերված կորոնավիրուսն է, ասուլիսն ընթացքի մեջ է, մտքերի կեսը նախարար Արսեն Թորոսյանը նույնիսկ չի հասցրել ասել և հանկարծ մեկը՝ ինչ-որ Արսեն Գյուգունց,  նախարարի ուղիղ եթերի մեկնաբանությունների դաշտում գրում է. «Ասեցինք՝ սիկտիր արեք դրանց, արա, թքած ունեմ, թե քաղաքացի չէ, պահեիք աերոպորտի մեկուսարանում, ո՞վ եք դուք»: Բա դու՞ ով ես, Արսեն: Մյուսը՝ «Մաքուր Հայ» կեղծանունով, «ահազանգում» է. «Արա, այ կեղտեր, դուք Նեռի կողմից եկած տականքներ եք ու ուզում եք էս ազգի վերջը տաք»: Սրանք կենդանի մարդիկ են: Էս մարդիկ ապրում են կորոնավիրուսը գլխների մեջ, ոչինչ նրանց չի առողջացնելու, ոչ մի պատվաստանյութ այսպիսի հակաբանականության հետ լեզու չի գտնի: Նախարարն ասում է, որ վարակման դեռևս միակ դեպքը հանրային առողջապահական լուրջ վտանգ չի ներկայացնում, մեկնաբանությունների դաշտում ծվծվում են հակաուղեղները. «Сволочи! Սա կառավարություն չի, խայտառակություն է»: Դե հիմա ի՞նչ ասես մեր մտահոգներին: Աղբանոցների պակաս այս երկրում չկա, բայց դատելով Ֆեյսբուքից, աղբն ամենևին էլ իր «տեղում» չէ: 

Ժողովուրդ, ասենք ի՞նչն է սխալ արվել, պետությունը տեր չկանգնե՞ր իր քաղաքացուն, ասենք, Թեհրանում նրան հայտնաբերել ուղարկե՞լ էին: Մարդը էկոլոգիական տեռորի՞ստ էր, հատուկ վերադարձել էր, որ բոլորին վարակե՞ր: Մարդը Հայաստան է վերադարձել առանց հիվանդության որևէ նշանի: Ողջ առողջ մտել է տուն, այնտեղ ջերմություն է ունեցել ու որոշել է դիմել բժշկի, որն էլ պարզել է, որ Թեհրանից եկած ՀՀ քաղաքացին վարակված է կորոնավիրուսով: Հա, մեր առողջապահական մարմինները որոշակի անուշադրություն են ցուցաբերել, մարդն անմիջապես պետք է վերցվեր կարանտինի մեջ, չեն արել, սխալվել են: Բայց արդյո՞ք իրավիճակը դուրս է եկել հսկողությունից: Մեկուսացված են բոլորը, որոնք ռիսկի գոտում են: Նախարարը խուճապի մեջ չէ և նույնը ձեզ է խորհուրդ տալիս, ձեր ուզածն ի՞նչ է՝ խուճապ: Ու՞ր է ձեր խուճապը համատարած ատելությունից, որ ողողել է երկիրը, ուր է ձեր խուճապը, երբ ՁԻԱՀ-ի ցուցանիշներով տարածարջանում առաջինն ենք, ու՞ր է ձեր խուճապը, երբ ամբողջ հանրապետությունը աղբի մեջ է թաղված: Դուք հաճու՞յք եք ստանում մարդկանց ոչնչացնելիս: Բա որ հանրապետության ղեկավարությունը անուղեղության տագնապ հայտարարի երկրում, դրան ինչպե՞ս եք ընդդիմանալու: Չեք կարողանալու, չէ՞: Բայց հենց հայտարարեց, ձեզ մեկուսացնելու են, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ անուղեղությունը պակաս վարակիչ չէ, անուղեղությունը նույն կորոնավիրուսն է մի տարբերությամբ՝ անուղեղությունը ինքնարտադրվող է, այն վարակիչ է, բայց չվարակվողը երաշխավորված չէ, որ արդեն անուղեղ չէ:

Ահա այսպիսի վիրուսի հետ գործ ունենք մենք այսօր: Ի՞նչ անենք մենք: Ո՞վ կարող է ասել: Մեղադրելն այստեղ հարցի լուծում չէ, որովհետև ի՞նչ անես նրանց հետ մեղադրելուց հետո, եթե մեկուսացնել չես կարող: Կորոնավիրուսը միակ վտանգը չէ, որ պատուհասելու է աշխարհին: Շատ վտանգավոր է այսպիսի փորձանքները դիմավորել առանց գլխի: Մեր հասարակության մի մեծ հատված փաստորեն կորոնավիրուսին բախվեց առանց «գլխի»: Արդյունքը խուճապի այն ճիգերն են, որ ձգտում են տարածել նրանք: 

Սարգիս Գրիգորյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2599 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ