...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Կորոնավիրուսն այսօր և 25 տարի առաջ

Մի տեսակ դժվար է անդրադառնալ անցնող շաբաթվա ներքաղաքական իրադարձություններին, երբ օրակարգում կորոնավիրուսի հարցն է: Համաճարակը աննախադեպ ծավալներ է ընդունել, անխնա տարածվում է, միջազգային հարցերը երկրորդ պլանում են, ԱՄՆ-ը լրիվ փակեց իր սահմանները Եվրոպայի դեմ, գնալով իրենց սահմանները փակող երկրների թիվն ավելանում է, մարզական բոլոր մրցաշարերը չեղարկվում են, հետաձգվում, նույնիսկ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն են առաջարկում չեղարկել:

Մի խոսքով, կանգնած ենք համաշխարհային աղետի առջև: Եթե այսպես շարունակվի: Մեզ այս իրավիճակը հիշեցրեց ամերիկացի ռեժիսոր Վոլֆգանգ Պետերսոնի «Համաճարակ» ֆիլմ-աղետը՝ Դասթին Հոֆմանի ու Մորգան Ֆրիմենի մասնակցությամբ: Այնտեղ էլ շատ անսպասելի ԱՄՆ-ում անհայտ համաճարակ է բռնկվում, որն իր ախտանիշներով բավական նման էր կորոնավիրուսին: Նույնպես տարածվում էր օդակաթիլային ճանապարհով, մահացության դեպքերը շատ էին, ամբողջ մի քաղաք փակեցին ու կարանտինի տակ պահեցին: Վարակի աղբյուրն էլ կորեական հետքեր ուներ: Այնպիսի տպավորություն է մեկ-մեկ, որ հիմա այդ ֆիլմի ռիմեյքն են բեմադրում:

Այնտեղ՝ ի դեպ, հենց սկզբից վիրուսի վակցինա կար, բայց չար ու նախանձ զինվորականները դա թաքցրել էին: Թեպետ դավադրությունների սիրահար չենք, բայց ո՞վ գիտե, գուցե կորոնավիրուսի վակցինան էլ է արդեն պատրաստ:

Տարածաշրջանի ամենաէֆեկտիվ նախարարը

Թեպետ կորոնավիրուսի ևս երեք դեպք է գրանցվել Հայաստանում, այսինքն՝ ընդհանուր առմամբ արդեն դարձավ 4 վարակված, բայց հիմիկվանից առաջարկում ենք Արսեն Թորոսյանին ամիսը երկու հատ պարգևավճար տալ, մետրոյից ձրի օգտվելու քարտ և նշանակել ՀՀ փոխվարչապետ: Լուրջ ենք ասում, կառավարության ամենաարդյունավետ ու գործունյա նախարարն է: Այն, որ կորոնավիրուսը Հայաստանում առայժմ չի կարողանում դրսևորվել, ինչպես մեր հարևան բոլոր երկրներում, առաջին հերթին Արսեն Թորոսյանի շնորհքն է: Ինչ անուն ասես, որ չեն կպցնում այս նախարարին, իսկ նա իր գիծը համառորեն առաջ է տանում: Չեք պատկերացի, ոնց կցանկանայինք, որ այս տեքստը կարդար Վահան Արծրունին, մի քիչ պայթեր: Դեռ կորոնավիրուսը չհայտնված, արդեն Արսեն Թորոսյանի հրաժարականն էր պահանջում: Վրաստանի վիճակն ունենայինք, երևի կոչ կաներ նախարարին Հանրապետության հրապարակի առաջին իսկ սյունից կախել և ցմահ նզովել: 

Նզովքի գործ կա

Նզովել ասեցինք, հիշեցինք: Վերջին տարիներին Հայ Առաքելական եկեղեցին մի հետաքրքիր «գարնանային ակցիա» էր իրականացնում. հոգևորականները գնում և օրհնում էին Արարատյան դաշտավայրի այգիներն ու դաշտերը, որ տարին բերքառատ լինի: Առաջարկում ենք նմանատիպ մի հոգևոր ակցիա էլ իրականացնել կորոնավիրուսի տարածման դեմ: Չգիտենք, ի՞նչ են անում նման դեպքերում. օդանավակայանում խունկ են վառում, աղոթում, նզովում կորոնավիրուսը, աստծո զորությանը ապավինում: Համենայնդեպս, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը արդեն մի քանի անգամ աղոթել է այս թեմայով, առողջություն մաղթել վարակվածներին, պատարագ մատուցել: 

Մեր կաթողիկոսից նման բան չենք հիշում: Գուցե պատճառն այն է, որ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նրան կորոնավիրուսի մասին զեկուցելու փոխարեն զբաղված է հանցագործներին ազատ արձակելու ինդուլգենցիաներ բաժանելու սուրբ գործով: 

Հայաստան՝ գժանոց բաց երկնքի տակ

Հա, մեկ էլ, Առողջապահության նախարարությանը կոչ ենք անում շուտափույթ միջոցներ ձեռնարկել և ցմահ կարանտինի տակ պահել Մարինա Խաչատրյանին: Դատախազությունն էլ քրեական գործ հարուցի այն մարդու դեմ, ով այս կնոջը նյարդավիրաբույժի դիպլոմ է տվել: 

Երդվում ենք մեր բոլոր նյարդաբջիջներով, այսպիսի հիվանդագին երևակայություն ունեցող չէինք տեսել: Սրան նույնիսկ Ավանի հոգեբուժարան չեն ընդունի՝ անհույս լինելու պատճառով: Բռնել, լուրջ-լուրջ գրել է իր ֆեյսբուքյան էջում. «26 հազար մահ: Սա է պլանավորված իրականացնել կորոնավիրուսով»: Ու քոչարյանական լրատվամիջոցները, ՍԴ նախագահի ազգականների կայքերը տարածում են այս տիկնոջ գրածները, առաջին էջ են դնում: Երևի բոլորն էլ նույն վիրուսից են ընկել, որը ազդում է նրանց հոգեկան առողջության վրա: Բոլորին կարանտինի տակ պահել. թե չէ Հայաստանը գժանոց է դառնալու:

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ