Ռուսաստանից լավ է երևում
Նախօրեին ռուսաստանցի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը բոլորիս հայտնի դարձավ թավշյա հեղափոխության օրերին Հայաստանի մասին բազմաթիվ ռեպորտաժներ թողարկելով, հերթական տեսանյութն էր հրապարակել՝ այս անգամ կորոնավիրուսի և կոռուպցիայի դեմ պայքարի:
Այս անգամ Ռոմանովը իր հիացմունքն էր հայտնել, թե ինչպես են իշխանությունները պայքարում կորոնավիրուսի դեմ, որ աշխարհում միակ երկիրն էինք, որտեղ կորոնավիրուսով վարակվածին և 30 «կասկածյալի» տարել ենք 5-աստղանի հյուրանոց: Եվ հիշեցրել էր, որ հյուրանոցը, որտեղ տարել էին վարակվածին, նախկինում պատկանել է կոռուպցիոներ, Մաքսային վարչության նախկին պետ Արմեն Ավետիսյանին, որը հետո այն հանձնել է պետությանը, որպեսզի խուսափի պատասխանատվությունից: Եվ այստեղ ռուս բլոգերը մի հատ էլ է հիացմունք հայտնում:
«Գոլդեն Փելեսի» հետ կապված, իսկապես, շատ հաջող բան ստացվեց: Վիրուսը մեկուսացվեց, երկրորդ նման դեպք չունենք, աշխարհը բերանը բաց հյուրանոցային պայմանների մասին էր խոսում:
Բայց ահա կոռուպցիայի մասով... իհարկե, Ալեքսեյը կարող է ամեն օր էլ հիացմունք հայտնել, մենք էլ ենք իրեն հարգանքով վերաբերում, մարդն անվճար Հայաստանի իմիջն է բարձրացնում աշխարհում, բայց կոռուպցիայի դեմ պայքարն առայժմ դոփում է տեղում: Չէ, մի երկու հոգու բռնել են, մի երկու հոգու էլ ստիպել են թալանածից ինչ-որ բան վերադարձնել, բայց դրանք ավելի շատ կոսմետիկ և քարոզչական էֆեկտ ունեն, այլ ոչ թե՝ համակարգային:
Առայժմ մի հատ տուշոնկա
Դե, եթե կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ լիներ, ապա այսօր «Մարտի 1-ի» ու «Հոկտեմբերի 27-ի» արյան գնով իշխանություն զավթածներն այսքան լրատվամիջոց, հեռուստաընկերություն, ֆեյք ու վարձկան, այսքան փաստաբան չէին կարող պահել: Սա մենք ընդամենը մի փոքր դրվագ ենք նշում:
Բայց անցած շաբաթ երկու իրադարձություն տեղի ունեցավ, որոնք վկայում են կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության բավական կրավորական պահվածքի մասին:
Առաջինը՝ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի դեմ քրեական գործը կարճվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով: Այսինքն, մարդը կոպեկներով Մոնումենտի տարածքի մի մասը նվիրել է ոմն Ռ.Ք.-ին, որպեսզի վերջինս այնտեղ հյուրանոց կառուցի, ու այդպիսով պետությանը մի քանի միլիարդ դրամի վնաս է հասցվել: Չհաշված բնապահպանական և ճարտարապետական վնասները: Ու իրեն բաց են թողնում, ասում են, հա, դու հանցագործ ես, բայց դա վաղուց է եղել, ազատ ես, գնա:
Անկեղծ ասած, ոչ մի կերպ չենք հասկանում, թե ինչպես կարող են պետության դեմ գործել ծանրագույն հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետի պատճառով կարող են չհետաքննվել, ոճրագործները՝ չպատժվել: Ուրեմն, պետք է վաղուց օրենսդրական փոփոխություններ լինեին, կազմվեր այն հանցագործությունների ցանկը, որոնց դեպքում վաղեմության ժամկետը չի գործում, և ոչ միայն Երվանդ Զախարյանի դեպքը, այլև նման բազմաթիվ, շատ ավելի ծանր հանցագործություններ պետք է հետաքննվեին, մեղավորները պատժվեին: Սա վերաբերում է 1998, 2003, 2008 թվականներին իշխանության զավթման դեպքերին, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, «Պապլավոկի» սպանությանը, չհաշված՝ տնտեսական բազմաթիվ հանցագործությունները: Եվ, այո՛, կարող եք այդ ցանկում ընդգրկել նաև 1996թ. նախագահական ընտրություններն ու դրան հետևած խորհրդարանի գրոհի պատմությունը: Խնդիր չկա, վերցրեք, ստուգեք:
ԺԵԿ-ի տեղեկանքի գործը մնաց
Այս առումով ուղղակի արժե հիշեցնել Անտոնինա Մակարովայի դեպքը: Վերջինս սովետա-գերմանական պատերազմի ժամանակ ծառայել էր գերմանացիներին, հաստիքով դահիճ դարձել և մոտ 1500 մարդ գնդակահարել: Պատերազմի ավարտից հետո հաջողացրել էր թաքնվել այլ մարդու անվան ներքո: Եվ միայն 33 տարի անց՝ 1979թ., ԿԳԲ-ն նրան գտավ: Մակարովային դատեցին 35 տարի առաջ կատարած հանցագործությունների համար և գնդակահարեցին: Ի՞նչ վաղեմության ժամկետ: Գնացեք, պարզեք, թե ինչպես է Ռ. Քոչարյանը մասնակցել 1998թ. նախագահական ընտրություններին, այնտեղ ծանրագույն հանցագործությունների շղթա է եղել:
Կոռուպցիա՝ մեր աչքի առաջ
Եվ երկրորդ դեպքը. մարտի 1-ի ոճրագործության առանցքային դեմքերից մեկը՝ գործարար Սամվել Մայրապետյանը կաշառքի գործով ձերբակալվել էր, հետո երաշխիքի ու գրավի դիմաց ազատ էր արձակվել, իբր՝ հիվանդ է, պիտի արտասահմանում բուժվի, հեռացել էր Հայաստանից ու հիմա փախած է: Սահմանված ժամկետում չի վերադարձել:
Սա կոռուպցիայի բացահայտ, կարելի է ասել՝ կլասիկ օրինակ է: Այսինքն, Սամվել Մայրապետյանը գործարքի մեջ է մտել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանի և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ, վերջիններիս 15 միլիոնական դրամ է տվել, ասել, սա որպես գրավ տվեք դատարանին, որ ինձ ազատեն: Ոչ Ռուբեն Ֆանարջյանը, ոչ էլ հատկապես Տեր Վահրամ քահանա Մելիքյանը չեն կարող հերքել Սամվել Մայրապետյանի հետ կոռուպցիոն գործարքի մեջ մտնելու փաստը, քանի որ հակառակ դեպքում պիտի բացատրեն, թե որտեղից իրենց 15-ական միլիոն դրամ: Մանավանդ՝ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Այսինքն, այս մարդիկ այնքան հարուստ են, որ պատրաստ են 15 մլն դրամը տանել ու ջուրը գցե՞լ: Այն էլ մի մարդու համար, որ թաթախված է մարտի 1-ի ոճրագործության մե՞ջ: Մենակ չասեն, որ տուն-տեղը ծախել են, որ Սամվել Մայրապետյանին փրկեն:
Ու կոռուպցիոն այս մեխանիզմը արդեն որերորդ անգամ անխափան գործում է, և որերորդ դեպքն է, երբ կասկածյալը գրավի ու երաշխիքի դիմաց ազատ արձակվելով, փախչում է Հայաստանից: Բայց այս թեմային առանձին կանդրադառնանք՝ հաճախորդների մասին մեր հոդվածում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020