«Հրապարակ»-ը հայտնում է, որ այսօր կրկին կալանավորում են զենքի մատակարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին: «Հիշեցնենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ՝ օգոստոսի 1-ին, Անդրանիկ Քոչարյանն էր առաջինը հայտարարել, որ Պատրոն Դավիթին կրկին կալանավորելու են, և նա անմիջապես ներկայացել էր ԱԱԾ մեկուսարան, որ դիմակավորված ԱԱԾ-ականները չգնան իր տուն։ Սակայն ՔԿՀ-ում նրան ասել էին, որ իրեն կալանավորելու որոշում չկա, իրենք ոչ մի փաստաթուղթ չեն ստացել և վերջինիս կալանավորելու որևէ հիմք չունեն»:
«ՉԻ». Ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովը մի հատ պատմվածք ունի, թե ոնց է մեկը մտնում ԿԳԲ-ի շենք, հայտնում, որ ինքը ամերիկյան հայտնի շպիոն է և ցանկանում է հանձնվել:
ԿԳԲ-ում էլ ասում են՝ էս բաժին գնա, էդ բաժնից ուղարկում են մյուս կաբինետ, այնտեղից երրորդ կաբինետ, վերջը որ իր ուզած կաբինետը գտնում է, ասում են՝ չեն կարող ընդունել, աշխատանքային օրն ավարտված է:
Հիմա Պատրոն Դավոն էս շպիոնի օրն է ընկել: Մարդը գնում է ԱԱԾ մեկուսարան, չեն ընդունում, մի օր ասում են՝ աշխատանքային օրն է պրծել, մյուս օրը, թե համակարգիչը փչացել է, չենք կարող գրանցել, երրորդ օրը, թե բա ինտերնետի կապը վատն է, կալանավորման փաստաթուղթը դեռ տեղ չի հասել, download չի անում:
Այ, հենց հիմա որ գնաք ԱԱԾ, կտեսնեք՝ Դավիթ Գալստյանը մեկուսարանի դռան դեմը կանգնած, հերթի կտրոնը ձեռքում, սպասում է, թե երբ են ընդունելու, տեսնի՝ ինչ է լինելու: