Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում արձանագրել է, որ ՄԻՊ ֆինանսավորման կրճատման՝ ՀՀ կառավարության նախաձեռնությունը կխաթարի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը և կխոչընդոտի մարդու իրավունքների պաշտպանության նրա գործունեությունը։
«ՉԻ». Որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ կերպով բացատրել, թե իշխանություններն ինչի են ընկել ՄԻՊ-ի հետևից: ՄԻՊ-ն է՞ Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը: Ասեք, իմանանք: Կողմնակա՞լ է իր զեկույցներում: Փո՞ղ է վերցրել նախկիններից, պատվե՞ր է կատարում: Բաղրամյան պողոտայում պալատկա՞ է խփել: Ոնց որ թե՝ ոչ, համենայնդեպս, մենք նման տեղեկություններ չունենք:
Լավ, բա ի՞նչ է արել, որ դրել, բան ու գործ թողած, փողերն են հաշվում ու կրճատում, արգելում մասնակցել կառավարության նիստերին: Էնքան են տարվել այս հարցով, որ վերջը միջազգային իրավապաշտպան կառույցների քննադատությանն էլ արժանացան:
Հայաստանը չորս օմբուդսմեն է ունեցել: Առաջինը Լարիսա Ալավերդյանն էր, որին միանգամից հանում ենք ցուցակից. էդ հեչ, նա նույնքան մարդու իրավունքների պաշտպան էր, որքան Քոչարյանը՝ հայոց լեզվի մասնագետ: Բայց դրանից հետո եղել է Արմեն Հարությունյանը, որը քոչարյանական ծանր ժամանակների համար նորմալ էր աշխատում, այնքան, որ Քոչարյանը հրապարակավ մուննաթ եկավ վրան, թե բա՝ իմ ամենաանհաջող կադրն է: Հետո Կարեն Անդրեասյանն էր, որն իր աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կերպով կատարում էր: Մի պահ կար, երբ հոլի պես այս քաղմասից այն քաղմաս էր պտտվում:
Հետո եկավ Արման Թաթոյանը: Ինչո՞ւ ենք մենք թվարկում օմբուդսմեններին: Որովհետև լավ էին աշխատում, թե վատ, իշխանությունները գոհ էին նրանցից, թե դժգոհ, բայց ոչ մի անգամ ՄԻՊ գրասենյակի հետ հարաբերություններ պարզելու խնդիր նախկինները չեն դրել, քեն չեն պահել, ֆինանսավորումը չեն կրճատել: Արմեն Հարությունյանի և Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցներից նախկին իշխանությունները զայրանում էին, շան լափ էին թափում գլխներին, բայց չեն գնացել քայլերի, որոնք ներկայիս իշխանություններն են անում:
Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, որ համեմատության մեջ ներկաները նախկիններին զիջում են: Ամբողջ օրը հանդուրժողականությունից ու սիրուց են խոսում:
Հ.Գ. Այ, որ Մարդու իրավունքների պաշտպանը վարչապետի հորեղբոր տղան, քենակալը կամ բաջանաղի փեսան լիներ, ՄԻՊ-ի ֆինանսավորումը հաստատ մի 10 անգամ կավելացնեին, մի երկու հատ թոփ-թազա ավտո կտային, մի հատ էլ կառավարության նիստերին փոխվարչապետի կողքին կնստեցնեին: Այո, շատ ափսոս, որ Արման Թաթոյանը ազգակցական կապ չունի մեր ղեկավարների հետ: