Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երևույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է նաև՝ կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր և Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգևոր հովվի հետ:
Նման ահազանգեր արձանագրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Այս երևույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում: Դա նախևառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից»:
«ՉԻ». Վերջը մի օր պիտի անդրադառնայինք ՄԻՊ-ի գործունեությանը: Որ Արման Թաթոյանը օպերատիվ կերպով արձագանքում է Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Պարգև քահանայի նկատմամբ սպառնալիքներին, դա նորմալ է, կարելի է ասել՝ ողջունելի է:
Նույն օպերատիվությամբ ՄԻՊ-ը արձագանքում է նաև ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունների և ուժային կառույցների գործողություններին: Սա էլ է հասկանալի:
Բայց որ նույն ՄԻՊ-ն ընդհանրապես լռության է մատնում իշխանության ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների, վարչապետի, պատգամավորների նկատմամբ սպառնալիքների, հայհոյանքների, հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ հարյուրավոր հրապարակային կոչերը, գրառումները, որոնց հեղինակները ոչ թե ֆեյքեր են, այլ քաղաքական, հասարակական գործիչներ, սա բացարձակապես անընդունելի է և մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Արման Թաթոյանը կողմնակալ վարքագիծ է դրսևորում կամ էլ՝ իշխանության ներկայացուցիչներին մարդ չի համարում: Ի վերջո, ինքը մարդու իրավունքների պաշտպանն է, իսկ եթե իշխանավորները մարդ չեն, հետևաբար՝ նրանց որպես ի՞նչ պաշտպանես:
Ամենավառ օրինակներից մեկը բերենք. դաշնակցական, Նաիրի Հունանյանի գաղափարակից Բագրատ Եսայանն օրը ցերեկով հայտարարել էր, մեջբերում ենք. «Նիկոլ, թշվառ, դու ՀՅԴ-ին լավ չես ճանաչում։ Եթե որոշումը կա, որ դու պետքա գնաս, դու կգնաս՝ ինչ էլ անես։ Հիմա, եթե աղոթք գիտես, պետքա աղոթես, աղաչես, որ էն վերջի´ն որոշումը չկայացվի»:
Այսինքն, Բագրատ Եսայանը ֆիզիկական ոչնչացման հրապարակային սպառնալիք էր հնչեցրել. Արման Թաթոյանը ձայն չէր հանել: Ինչո՞ւ չես դատապարտել այս սպառնալիքը, ինչո՞ւ ոստիկանությանը կոչ չես արել զբաղվել սույն դաշնակով: Ու այսպիսի օրինակները շատ-շատ են: Նման լռությամբ ՄԻՊ-ը խրախուսում է Հայաստանում ատելության մթնոլորտի խորացմանը, հանրության տարբեր խավերի միջև թշնամանքի ձևավորմանը:
Ավելի լավ է, վայր դրեք ձեր լիազորությունները, գնացեք ընդդիմության շարքերը համալրեք, զբաղվեք նրանց իրավունքների պաշտպանությամբ, ոնց որ անում է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Մեռնենք, թե բան ասենք:
Եվ վերջում. հանդուրժողականության կոչ անող ՄԻՊ-ից բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ նրա ֆեյսբուքյան էջում գրառումներ են անում, նրա կարծիքը չկիսող կամ նրան քննադատող տեսակետներ են հայտնում, բռնում, այդ քաղաքացիների գրածները ջնջում է, նրանց էլ բլոկում է: Սա երևի հայկական հանդուրժողականության նոր ձև է: