«ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այսօր քաղաքացիական և քաղաքական վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է:
Ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ նշված վենդետաներն ու քաղաքացիական վրեժն ակնհայտ ասոցացվում են բռնության ու հաշվեհարդարի, իսկ կադրային ջարդուփշուրն էլ աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների հետ: Հենց այս կարգավիճակի ուժով էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը կարող են ոչ ճիշտ ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև սխալ ուղերձներ ընկալվել պետական մարմինների ու առաջին հերթին իրավապահ մարմինների կողմից»:
Սա հատված էր ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հայտարարությունից:
«ՉԻ». Ինչպես ասում են՝ զալատիե սլավա: Շատ օպերատիվ է գործել ու ճշգրիտ շեշտադրումներ արել:
Մնում է հասկանալ, թե ինչու է ձախողում Քոչարյանի մասով աշխատանքը: Տպավորություն է, որ մեծ հակակրանք ունի նրա հանդեպ, չի կարողանում լսել նրա ելույթները, սոցիալական ցանցերից ջնջել է բոլոր այն նյութերը, որոնք փոխանցում են Քոչարյանի խոսքերը: Երևի դրանով է պայմանավորված, որ տեղյակ չէ, թե ինչ է ասում ու խոսում Քոչարյանը:
Իրեն հարգող ՄԻՊ-ը պետք է նույնքան ջանասիրությամբ և օպերատիվ արձագանքեր Քոչարյանի՝ դուելի մասին զառանցանքներին: Ասեր՝ ընկեր, ժողովրդավար հասարակությունում ընդունելի չէ նման հռետորաբանությունը, դուել նշանակում է մարդասպանություն: Քո խոսքերից ոգևորված քո համախոհներն էլ կարող են Փաշինյանի կողմնակիցներին հրավիրել դուելի, և քաղաքացիական պատերազմը պատրաստ է:
Ելնելով իր կարգավիճակից՝ միայն մեկ կողմի մասին հայտարարությունները կարող են սխալ ընկալվել հասարակության մոտ, սխալ պատկերացումներ ձևավորել, թե կողմերից միայն մեկն է անցնում անթույլատրելի հռետորաբանությանը: Կարծում ենք, որ թեկուզ ուշացած, բայց կարող է անդրադառնալ դուելի թեմային: