...

Արարատ Միրզոյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Արարատ Միրզոյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Այնպես ստացվեց, որ բանակի 30-ամյակի օրը միակ վայրը, որտեղ երևացին բարձրաստիճան պաշտոնյաները, Եռաբլուրն էր։ Այնպիսի տպավորություն էր, կարծես ոչ թե բանակի ծննդյան օրն էին նշում, այլ հոգեհանգիստը։ Մարդկանց հիշողության մեջ էլ ամենաշատը երևի Լուլուի հռհռացող դեմքը դաջվեց, ու դա մի տեսակ ստվերում թողեց արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Եռաբլուրում հնչեցրած «ինքնախոստովանական ցուցմունքը»։ Նա հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի արհավիրքը մեր մեծ ինքնախաբեության արդյունքն էր։

Հետաքրքիր է՝ ո՞ւմ ինքնախաբեության մասին էր խոսում։ Ըստ երևույթին՝ ժողովրդի, որովհետև այդ հայտարարությունից անմիջապես հետո շարունակեց, թե ժողովուրդ ջան, բավական է ինքնախաբեությամբ զբաղվենք։ Այսինքն՝ իրենք, իբր, այնքան համարձակություն ունեն, որ նայում են ճշմարտության աչքերին, իսկ ահա «ժողովուրդ ջանը» շարունակում է պատրանքներով ապրել։

Այո, մեր հասարակությունը, ցավոք, իսկապես էլ երկար ժամանակ ինքնախաբեությամբ է զբաղվել, ընդ որում՝ դրան առաջին հերթին նպաստել են քաղաքական գրեթե բոլոր ուժերը, լրատվամիջոցներն ու «ռազմահայրենասիրական մտավորականները»։ Իսկ ո՞վ է փորձել պայքարել ի վերջո արհավիրքի հասցրած այդ ինքնախաբեության դեմ։ Առաջին նախագահն արել է դա՝ հրապարակավ հայտարարելով, որ եկել է լրջանալու պահը։ Երկրորդ նախագահը ճիշտ հակառակն է արել․ նպաստել է այդ ինքնախաբեությանը՝ հայտարարելով, թե «մենք Ղարաբաղի հարցը լուծել ենք», դեռ 100 տարի էլ կարող ենք զարգանալ շրջափակման պայմաններում և այլն։ Երրորդ նախագահը մի քանի երկչոտ քայլեր արել է այդ ինքնախաբեության թմբիրը հաղթահարելու համար, բայց՝ միայն նեղ շրջապատում ու փակ դռների ետևում (հայտարարելով, օրինակ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, որ հետո «Ղարս-Ղարսի» փոխարեն «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» ենք երգելու), բայց այդպես էլ համարձակություն չի ունեցել այդ թեմայով ուղիղ խոսել ժողովրդի հետ, մինչդեռ ամենակարևորը դա էր. չէ՞ որ ինքնախաբեության մեջ ժողովուրդն էր, ոչ թե իշխանական նեղ խմբակը։

Բայց արհավիրքը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի օրոք, հետևաբար՝ ամենակարևորն այն է, թե իսկ նրա իշխանությո՞ւնն ինչ է արել այդ ինքնախաբեությունը չեզոքացնելու համար։ Ընդ որում՝ այնպես չէ, որ արհավիրքը տեղի է ունեցել նրա իշխանության գալու հաջորդ օրը։ Դա տեղի է ունեցել երկուսուկես տարի անց, հետևաբար՝ նա ահռելի ժամանակ ուներ «ժողովրդի աչքերը բացելու» համար։ Բայց նա, հակառակը, խորացրել է ինքնախաբեության այդ թմբիրը։ Ո՞վ էր ասում «Արցախը Հայաստան է, և վերջ», ո՞վ էր ասում «նոր պատերազմ-նոր տարածքներ», ո՞վ էր կապիտուլյացիայի ստորագրումից օրեր առաջ հեռուստատեսությամբ «գյոռբագյոռ» օպերացիայից խոսում, ո՞վ էր Շուշիի անկումից երկու օր անց հայտարարում, թե «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար էր խաբում ժողովրդին։ Նա իրական վիճակը շատ լավ գիտեր, գիտեր նաև, որ ամեն ինչ ավարտվելու է Արարատ Միրզոյանի ասած արհավիրքով, բայց չկանխեց դա՝ որպեսզի իրեն դավաճան չասեն։ Իսկ եթե ինչ-որ մեկը գիտակցաբար խաբում է ժողովրդին, դա արդեն ինքնախաբեություն չէ, դա կանխամտածված հանցագործություն է։ 

Հասկանալի է, չէ՞, շղթան։ Սկզբում՝ գիտակցաբար խաբել ժողովրդին ու դրանով իսկ նպաստել, որ ժողովուրդը գտնվի «ինքնախաբեության մեջ», հետո՝ «մոդերացնել» արհավիրքը, վերջում էլ դա ներկայացնել որպես ժողովրդի ինքնախաբեության արդյունք։ Արարատ Միրզոյանն, ահա, հենց դա է խոստովանում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին, նրա թիմին ու ինքն իրեն հանցագործ է հռչակում։ Որովհետև եթե արհավիրքի պատճառը ժողովրդի ինքնախաբեությունն է, իսկ դրան ամենաշատը հենց իրենք են նպաստել, ուրեմն ամենամեծ հանցագործն իրենք են։ 

Ու դա արվեց Եռաբլուրում՝ տեսախցիկների առջև, Լուլուի և մյուսների հռհռոցների ներքո։ Ոչ թե որպես «ծանրացուցիչ հանգամանք» ենք նշում, այլ հենց այնպես՝ ընդհանուր մթնոլորտը ներկայացնելու համար։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3174 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ