Արտգործնախարար Արարատ Միրզոյանը դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանին հիշեցրել է, որ «պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունները պայմանավորվում էին բանակցել՝ ՀՅԴ մասնակցությամբ ԼՂ խորհրդարանը ծովից ծով Լեռնային Ղարաբաղի մասին բանաձևեր էր հռչակում», ապա հայտարարել է, թե «ձեր ուժի անմիջական մասնակցությունը այդ արհավիրքի մեջ շատ ուժեղ, հյութալի, մարմնեղ և անշեղելի էր»։
ՀՀ դեռևս չանվանափոխված արտգործնախարարը, մեծ հաշվով, սխալ բան չի ասում։ Բայց «ծովից ծով Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն այնուամենայնիվ որոշ հուշեր է արթնացնում։ Օրինակ՝ այն մասին, թե ինչպես էր ինչ-որ մեկը Ստեփանակերտի հրապարակում ծղրտում «Արցախը Հայաստան է, և վերջ», ինչպես էին ՔՊ-ական ինչ-որ թքոտող արարածներ ու անհասկանալի կլոր առանձնյակներ մի քանի նուռ գրկել-նկարվել, նկարները տարածել սոցցանցերում ու տակն էլ գրել «Աղդամը իմ հայրենիքն է», և այլն։
Բայց դա դեռ ոչինչ։ Փաստն այն է, որ ԼՂ հայաթափումն ու լուծարումն իսկապես արհավիրք էր, և այդ արհավիրքը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու նրա արտգործնախարար, դեռևս չանվանափոխված Արարատ Միրզոյանի օրոք։ Այլ հարց է, թե ինչպե՞ս է վերջինս համարձակվում դա «արհավիրք» անվանել, չէ՞ որ իր իսկ կուսակցական ընկերներն Արցախի ոչնչացումը համարում են Հայաստանի իրական անկախության և ինքնիշխանության սկիզբը, կարելի է նույնիսկ ասել՝ ծննդյան օրը։ Ինչպե՞ս կարող է որևէ երկրի ծննդյան օրն արհավիրք համարվել։
Ամեն դեպքում փաստը մնում է փաստ՝ Նիկոլն ու «տիտղոսակիր ընդդիմությունը» ձեռք ձեռքի տված են կործանել Արցախը։ Ու հիմա փոխանակ միմյանց շնորհակալություն հայտնեն «համատեղ արդյունավետ աշխատանքի համար» ու միասին շամպայն խմեն «Հայաստանի իրական անկախության ծննդյան օրվա առթիվ»՝ տեսախցիկների առջև իրար կոկորդ են կրծում։
Մարկ Նշանյան