Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթը սկսվեց ահավոր լուրով՝ Գյումրի-Երևան մայրուղու վրա ողբերգական վթարից 11 մարդ է զոհվել, ևս 6-ը ծանր վնասվածքներ են ստացել։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Ճանապարհների թերի կահավորումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկողության փաստացի բացակայությունը նման ողբերգական դեպքերը հաճախակի են դարձնում։ Կարծում եմ՝ արդեն ժամանակն է ունենալ այն գիտակցումը, որ լավ ասֆալտը դեռ հեռու է լավ ճանապարհ լինելուց»։
«ՉԻ». Մեր քաղաքական դաշտը խիստ ականապատված է: Կամ էլ հիշեցնում է հենց նույն ականապատված դաշտը: Մի քայլ էս կողմ, մի քայլ էն կողմ, վերջ, կպայթես:
Հիմա որ Հայկ Մարությանը սա գրել է, սրանով մտավ ականապատված դաշտ: Ամբողջ օրը նրա կողքին իշխանության կողմնակիցների գրառումներ էին պայթում: Համարում են, որ նախկին քաղաքապետը այս ողբերգության վրա միավորներ է հավաքում, քաղաքականացնում է և այլն:
Վայ, էդ ինչե՜ր էին գրել Մարությանի մասին: Մենք, իհարկե, արդեն վստահաբար կանխատեսել էինք, որ նրա հասցեին ամենամեղմ արտահայտությունը «կլոունն» է լինելու: Ու սա դեռ սկիզբն է: Ականապատված դաշտով անցնելը շատ երկար ու վտանգավոր գործընթաց է:
Իսկ մինչև Երևանի ավագանու ընտրությունները դեռ շատ կա: Դեռ ինչե՜ր են լինելու:
Հ.Գ. Այսօր հրապարակվեց Մարությանի այդ «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսան համարը: Գոնե Իզաբելա Աբգարյանը երկրորդը լիներ: Էն «իրավաբանից» վերև: