...

Արդեն զառանցում են

Արդեն զառանցում են

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ժողովուրդ, բայց հասկանո՞ւմ եք, թե սրանց ճանապարհելուց հետո ինչքան բան կա երկրում ուղղելու, դզելու, շտկելու։

Սրանց թողած ավերակները վերացնելու, վերքերը ամոքելու, վնասը չեզոքացնելու, բարոյականությունը վերականգնելու...

Ոչ երանի հաջորդ կառավարությանը»:

«ՉԻ». Ահավոր է Արմեն ջան, ահավոր, կերան երկիրը, երկու տարվա մեջ քանդուքարափ արեցին ծաղկող երկիրը: Երկու տասնամյակ հզորացրեցիք, կովկասյան վագր դարձրեցիք, նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարեցիք, բայց եկան ու հողին հավասարեցրին ձեր ձեռքբերումները:

Եվ այո, վերադառնալու դեպքում երկու, երեք, անգամ չորս անգամ ավելի մեծ նվիրումով պետք է աշխատեք, որ գոնե մի փոքր շտկեք վիճակը:

Օրինակ, ձեր վարորդին կգրանցեք միանգամից 5 քոլեջներում, թող հինգ տեղից աշխատավարձ ստանա, ի վերջո պետք է, չէ՞, մտածել մարդկանց սոցիալական վիճակի մասին: Թեպետ չէ՝ հինգը քիչ է, 10 տեղ կգրանցեք, հաշվի առեք, որ վերջին երկու տարում մարդը գործազուրկ է եղել, վնասներ կրած կլինի:

Հասարակական համերաշխությունը վերականգնելու առումով ճիշտ կլինի Լիսկային վերադարձնել, բայց ոչ թե Սյունիք, այլ միանգամից Երևան: Մի հարյուր հոգի, որ մեռնեն, մի հազարի աչքն էլ հանվի, էլ ո՞վ է սոցիալական ցանցերում հայհոյելու: Ատելության խոսքը միանգամից կվերանա:

Սաշիկի վերքերը չմոռանաք ամոքել: Կթողնեք՝ մի քանի օր մենակ մնա պետական գանձապետարանում, թող ամոքի 30 միլիոն դոլար խլելու արդյունքում հասցված վերքերը:

Բարոյականությունը չմոռանաք վերականգնել: Օրինակ, ի՞նչ է նշանակում հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե ինչպես են երեխաներին արտասահման վաճառել: Մի օրենք կընդունեք, որով կազատականացնեք շուկան, և շահարկումները կվերանան:

Անհրաժեշտ, անգամ խիստ հրատապ կլինի մահապատժի վերականգնումը: Իսկ առաջինը էշաֆոտ կբարձրանան նրանք, որոնք մեր երկրում ներդրեցին ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Նմանները արժանի չեն որևէ կարեկցանքի: Ինչպես կարելի է հայկական օջախից գույք խլել: Գլոբալիստների և սորոսականների այդ ազգադավ ծրագիրը Հայաստանում ներդրածները ամենախիստ պատժի պետք է ենթարկվեն:

Հասարակական պարսավանքի պետք է արժանանան բոլոր նրանք, որոնք քննադատեցին Գասպարյան Վովայի քայլը՝ կնոջը և դստերը փոխգնդապետի և մայորի ուսադիրներ հանձնելու վերաբերյալ: Դրանց ինադու տան այգեպանին էլ կարելի է կապիտանի կոչում տալ:

Բայց ընկերական մի խորհուրդ. քանի չեք եկել իշխանության, օգտագործեք ազատ ժամանակը, մի լավ հոգեբանի մոտ երկարատև կուրս անցեք: Գուցե հասկանաք, որ դեռ երկար պետք է ամոքեք ձեր անձնական վերքերը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1520 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ