...

Աշոտյանի հեռանալու պահը

Աշոտյանի հեռանալու պահը

«Չգիտեմ, ով կլինի հաջորդ իշխանությունը։ Ո՞վ երկիրը կհանի այս խորը և համապարփակ ճգնաժամից, որում հայտնվել ենք մի խումբ անհայրենիք վիժվածքների պատճառով։ Վերջիվերջո, անձերը կարևոր չեն լինելու։ Կարևոր են լինելու մարդկանց մասնագիտական և բարոյական որակները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։ 

«ՉԻ»․ Այս միտքը, թեև գռեհիկ բառապաշարով է շարադրված, բայց ճշմարտության բարձր տոկոս ունի և կարելի է դասել ՀՀԿ փոխնախագահի հեղինակած մտքի գոհարների շարքին։ 2016-ի ապրիլյան պատերազի միջով անցած ու 2020-ի 45 օրյա պատերազմի շոկն ապրած Աշոտյանն, ինչպես տեսնում ենք, կամաց-կամաց վերադառնում է իրականություն ու խոստովանում, որ ինքն ու իրպեսներն իրենց մասնագիտական ու բարոյական որակներով այլևս անելիք չունեն երկրի ապագա կառավարությունում։ Նրանք սպառել են ժողովրդից խլված ժամանակն ու մանդատը, որը պետք է ծախսեին ժողովրդին փոխզիջումների նախապատրաստելու, ԼՂ խնդիրը խաղաղ ու առանց զոհերի լուծելու ու նոր պատերազմի հանգրվանին չհասցնելու համար։ Սա անելու համար նրանք ունեին առնվազն 10 տարի։ 

Բացի այդ՝ նրանք այնպես են խեղել քաղաքական համակարգն ու ընդհուպ ապականել քաղաքական դաշտը, որ համընդհանուր ապականության ու գաղջի մեջ լսելի չլինի հատուկենտ մաքուր, կայացած ուժերի ձայնը, որոնք կպատրաստեին հասարակությանը խնդրի լուծման փոխզիջումային տարբերակին ու ոչմիթիզականությունը չէր դառնա փորձանք երկու հայկական պետությունների լինելիության համար։ Չարեցին, չթողեցին, որ անեն մյուսներն ու մերժյալի կարգավիճակում հայտնվեցին այնտեղ, որտեղ հիմա են։ 

Իսկ ինչո՞վ էին զբաղված Աշոտյանն ու նրա կուսակիցները, ՀՀԿ-ի դուստր կամ ուստր ձեռնարկությունները հեղափոխությունից հետո։ Այո՛, զբաղված էին իշխանությունը նորից զավթելու հիստերիկ ջանքեր գործադրելով՝ մանրադրամ դարձնելով Արցախի հարցը։ 

Աշոտյանն ու նրա կուսակցական ղեկավարը ԼՂ խնդրի կարգավորման փոշիացված ժամանակը կոմպենսացնելու, կարճ՝ երկրին պիտանի լինելու բացառիկ շանս ունեին։ Կարող էին օգտագործել իրենց կուտակած միջազգային ռեսուրսները ոչ թե երկրի իշխանությանը պախարակելու ուղղությամբ, այլ՝ միջազգային կազմակերպությունների, միջնորդ երկրների հետ ակտիվ աշխատանք տանելով, ներքին խողովակներով պատերազմի ռազմական լուծման հավանականությունը փոքրացնելով, ԼՂՀ-ի անկախության ճանաչման համար բարենպաստ հող նախապատրաստելով։ Անել այս ամենը՝ ի շահ պետության ու պետականության։ Աշոտյանն ու նրա կուսակից ընկերները, մինչդեռ, ընկել էին իշանության ետևից, իրենց դրսևորում էին որպես քաղաքական խուլիգաններ՝ երկրի իշխանությանը պիտակում էին «սորոսի ծրագրով հողերը ծախող» ու այլ ճղճիմ կլիշեներով՝ չհասկանալով, որ այսպիսով խփում են ԼՂ հարցով բանակցողին ու թուլացնում մեր երկիրը բանակցային սեղանի շուրջ։ Իշխանությանը չաջակցելու այլընտրանքը բարոյական բարձր որակներ, պետականամետ մտածողություն ունեցող քաղաքական ուժի դեպքում չի կարող լինել իշխանության տակ փոս փորելը՝ երբ հարցը երկրի կենսական շահին է վերաբերում։ 

Աշոտյանն ու իր նմանները, եթե կուզեք, զբաղվում էին զարուհիփոստանջյանությամբ։ Այդ նա էր, չէ՞, որ Ստրասբուրգում որոշեց հարամել Սերժ Սարգսյանի «տոնը»՝ նրանից հետաքրքրվելով կազինոյում կրված փողերի մասին։ Նման հարցը ՀՀ-ի ու Արցախի խայտառակությունն էր, քանի որ հենց Սերժ Սարգսյանն էր ԼՂ հարցով բանակցողը, հայ-թուրքական արձանագրություններ ստորագրած, Թուրքիայի հետ հաշտեցման գործընթաց սկսած գլխավոր պատասխանատուն։ Նրա անպատվությունն աշխարհի առաջ ռիկոշետի էֆեկտով խփելու էր թե՛ ԼՂ, թե՛ հայ-թուրքական հաշտեցման գործընթացին։ Զարուհին կարող էր նման վուլգարություն թույլ տալ իրեն, իսկ Աշոտյանն ու իր կուսակցությունը, որոնք 10 և ավելի տարի թրծվել էին «կարգավորման հնոցներում»՝ ոչ։ 

Այնպես որ, Արմեն Աշոտյանը շատ ճիշտ է կանխազգում, որ վաղուց հասունացել է քաղաքականության մեջ կրկնելու իր հայտնի պահը՝ դաշտը ազատելով բարոյական ու քաղաքական բարձր որակներ ունեցող այլ ուժերի համար։ 

Այդ ուժերի մեջ մտնելու հավակնություն չի կարող ունենալ վարչապետի քաղաքական հենարան «Քաղաքացիական պայմանագիրը» քանի որ այն ասոցացվում է ՀՀ-ի ու Արցախի կապիտուլյացիայի հետ։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   700 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ