...

Աշոտյանն էր Զ. Փոստանջյանին Pussy Riot-ի հետ համեմատում

Աշոտյանն էր Զ. Փոստանջյանին Pussy Riot-ի հետ համեմատում

Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի հարցազրույցը BBC-ին շարունակում է տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ: Քննադատողների մի մասն արդեն հասցրել է պահանջել նրա հրաժարականը: 
Ահա և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է իր պարտքը համարել ցցի հանել արտգործնախարարին: Իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախարարը քաղաքական և հասարակական շրջանակների բուռն արձագանքը իր, մեղմ ասած՝ թույլ և անպատրաստ մեկնաբանություններին, վերագրում է Հայաստանում բազմակարծության և ժողովրդավարության գոյությանը։

Նախարարը չարամտորեն մոռանում է, որ մինչև իշխանափոխություն նման բազմակարծություն և ազատություններ «Սերժի Հայաստանում» վաղուց գոյություն ունեին։ Իսկ ընդդիմախոսներն այն ժամանակ չէին պիտակավորվում, ձվահարվում և հռչակվում «ազգի դավաճան»։

Ուստի, պարոն, իմ ազատ խոսելու իրավունքը և մասնագիտական պատրաստվածությունը ձեր ոտքին մի գրեք։ Դուք դրա հետ նույնքան կապ ունեք, որքան ես՝ Նիկոլի և իր թիմի բյուջեի հաշվին միլիոնավոր դոլարների հասնող կայֆերի հետ։

Մնացած  բովանդակային կռուտիտները «Лёлик и Болик» մուլտֆիլմի մակարդակի են։ Բայց քանզի ասվում են ԱԳ նախարարի շուրթերով, ապա մոտ օրերս կրկին առանձին կանդրադառնամ Արցախի հարցում այս իշխանությունների կողմից որդեգրված «կարգավիճակ և անվտանգություն» թեզերի վտանգավորությանը»:

Սա այն դեպքն է, երբ չգիտենք, թե որտեղից սկսենք: Աշոտյանը մի փոքր գրառման մեջ այնքան կեղծիք է թույլ տվել, ստախոսության այնպիսի դոզա է ներարկել, որ կբավականացներ մի քանի օրվա արձագանքի:

Ասում է՝ ընդդիմախոսներն այն ժամանակ չէին պիտակավորվում, ձվահարվում և հռչակվում «ազգի դավաճան»։
Դեռ մի կողմ թողնենք «Լևոն, դավաճան», «հողերը հանձնողներ», «երկիրը թալանածներ» և նմանատիպ որակումները, որոնք 20 տարի շարունակ Աշոտյանն ու իր կուսակիցներն անում էին ՀՀՇ-ի ներկայացուցիչների հասցեին: Բայց Աշոտյանը մոռացել է, իսկ մենք չենք մոռացել, թե ինչպես էր ինքը խորհրդարանի ամբիոնից իր ելույթում ասում, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Pussy Riot խմբից է:

Տեսանյութը կցում ենք, որ բոլորը համոզվեն:

Աշոտյանը մոռացել է, թե նույն խորհրդարանից ինչպես էին բազմիցս ընդդիմադիր գործիչներին դավաճան համարում միայն նրա համար, որ ԵԽԽՎ-ի նստաշրջանում մարտի 1-ի վերաբերյալ ելույթներ էին ունենում:
Ու սա այն նույն Աշոտյանն է, որը ՀՀԿ-ի գրասենյակում իր պատմական ելույթում Գագիկ Ծառուկյանին «Դոդի Գագո» անվանեց: Դա բոլորն այնպես են հիշում, որ դրան տեսանյութ կցելու կարիք չկա:

Ընդամենը երկու-երեք դրվագ ենք հիշեցնում: Աշոտյանի դեպքում դրանք հարյուրներով են: Նախկին իշխանության ներկայացուցիչների դեպքում՝ հազարավորներ: Ու այս մարդն ասում է՝ մենք չէինք վիրավորում, պիտակավորում:

Ինչ վերաբերում է Աշոտյանի ասած բազմակարծությանը, ապա միայն մեկ փաստ նշենք ու դրանով սահմանափակվենք. Սերժ Սարգսյանի օրոք 10-12 հեռուստաալիք կար, բոլորն էլ պատկանում էին իշխանության ներկայացուցիչներին, ծայրեծայր վերահսկվում, իսկ Հ1-ի եթերում ընդդիմադիր ամենալայթ գործիչ տեսնելն անգամ խոշոր իրադարձություն կարելի էր համարել: Հիմա՝ հեռուսաալիքների մեծամասնությունը պատկանում է նույն հանրապետական, քոչարյանական, միշիկական ուժերին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ