ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյբուքյան էջում գրել է. «ԱԺ-ում այսօրվա խայտառակ քննարկումը և Գլխավոր դատախազի անտրամաբանական և լղոզված պնդումները ապացուցում են, որ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հանդեպ իրականացվում է հերթական, բացառապես քաղաքական հետապնդումը։
Միաժամանակ տարօրինակ է, որ «Լուսավոր Հայաստանի» որոշ ներկայացուցիչներ, առիթից օգտվելով, հիշատակում են ՀՀԿ-ի գրասենյակների մասին։ Տղաներ և աղջիկներ, նիկոլական լակոտապետության իրավապահ խամաճիկները այս երկու տարի է Հանրապետականի տեղը լավ գիտեն և բազում քաղաքական հետապնդման գործեր հարուցել են մեր հանդեպ, որոնց առնչությամբ դուք լուռ եք։ Ձեր՝ նման ընտրովի «արդարամտությունն» ոչ միայն ազնիվ չէ , այլև մեզ կրկին փուռը տալու գործելաոճը չգրված բարոյականության կանոններով թողնում է «ազդարարարի» տպավորություն։
Ի վերջո, չե՞ք մտածում, բա որ իմ համակարգչի մեջ, օրինակ, ձեզ հետ տարիների ընթացքում եղած շփումների տարաբնույթ արձանագրումները ԱԱԾ-ն առգրավի և հրապարակի»:
«ՉԻ». Քաղաքականության մեջ ընդունված կանոններից մեկն այն է, որ ինչ խոսես և երբ դա ասես:
Աշոտյանը այդ կանոնին միանշանակ չի տիրապետում: Որ քննադատում է իշխանություններին, դա իր իրավունքն է, թող շարունակի: Բայց Ծառուկյանի հետ կապված ծպտուն հանելու տեղ չունի ախր: Սա այն Աշոտյանն է, որին Սերժ Սարգսյանը ժամանակին քսի էր տվել Գագիկ Ծառուկյանի վրա: Այն Աշոտյանը, որը «Դոդի Գագո» էր ասում: Պետական ամբողջ համակարգով հարձակվել էին Ծառուկյանի վրա: Ուրեմն դա քաղաքական հետապնդում չէր, հիմա՝ հետապնդո՞ւմ է: Ձեր մեթոդներն են կիրառում, ի՞նչ եք ուզում:
Լավ, էս հեչ: Մեզ ավելի դուր եկան Աշոտյանի մտքերը «Լուսավոր Հայաստանի» մասին: Շատ լավ տղա է Աշոտյանը: Որ ուզում է, խելոք մտքեր էլ է հայտնում: Սրանից հետո մենք ուշադրությամբ հետևելու ենք նրա համակարգչին: Դա երկրի կարևորագույն համակարգիչներից մեկն է: Այնտեղ մի հատ ֆայլ կա, կոչվում է՝ «Hatshakhord»: Այ, էդ ֆայլը Աշոտյանը թող մի երկու տեղ քոփի անի, պահի: Քաղաքականության մեջ մի ուրիշ նորմ էլ կա. «Չկան հավերժ թշնամիներ և բարեկամներ, կան՝ հավերժ շահեր»: Հաճախորդների նոմինացիայում Աշոտյանը մեր լավ բարեկամն է: Դուխով: