ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայ հասարակությունը ցնցվեց ուկրաինական ԱԳՆ-ի կողմից տարածած շրջաբերականից, ըստ որի, նրանք հորդորում էին իրենց պաշտոնյաներին չօգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը և չմասնակցել հիշատակի միջոցառումներին։ Իրավիճակը փրկեց Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովը, սակայն ուկրաինական արտաքին գերատեսչության տհաճ պաշտոնական դիրքորոշման նստվածքը մնաց։
Ընթերցելով այսօրվա հաղորդագրությունը՝ հույս ունեի, որ թեկուզ դիվանագիտական լեզվով մեր նախարարը կանդրադառնար իր գործընկերոջ գերատեսչության անթույլատրելի պահվածքին։ Սակայն, ավաղ, գոնե պաշտոնական հաղորդագրության մակարդակով այս խնդրի արծարծում չկար և տպավորություն ստացա, որ խոսքը գնացել է, պատկերավոր ասած, սալա-կոնյակային կենացների մասին»:
«ՉԻ». Ամենահետաքրքիրը գիտե՞ք որն է. Քոչարյանի և հատկապես Սերժ Սարգսյանի օրոք սկիզբ դրվեց այսպես կոչված «բաստուրմա-կոնյակային» քաղաքականությանը, երբ ԵԽԽՎ-ի նիստերին հայկական պատվիրակության հանրապետական պատգամավորները Ստրասբուրգ հետները կոնյակ-բաստուրմա էին տանում, որ դրանով սիրաշահեն եվրոպացի գործընկերներին ու հայանպաստ բանաձևեր կորզեն: Բնականաբար, անընդհատ խայտառակ էին լինում:
Լինում էին դեպքեր, երբ Հայաստանի և Արցախի դեմ բանաձևեր ընդունելիս Հայաստանը Եվրախորհրդում նմուշի համար գոնե մի դաշնակից չէր ունենում, նույնիսկ Ռուսաստանն էր Հայաստանի դեմ քվեարկում: Մինչդեռ, երբ Ռուսաստանի դեմ բանաձև էր քննարկվում, դեմ էին քվեարկում միշտ երեք երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը: Ինչ ձևի, բովանդակության բանաձև էր լիներ, սսկված ռուսների ցուցումներն էին կատարում:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ուկրաինայի դեպքին, Աշոտյանին ընդամենը պետք է հիշեցնենք, թե իրենք ինչպիսի արտաքին քաղաքականություն էին վարում, ու դա բավական է.
2014թ. ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը ընդունեց Ղրիմի վերաբերյալ բանաձև, որին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը:
2016թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ղրիմում իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացրած բանաձևի քվեարկությունը։ Բանաձևի տեքստում Ռուսաստանը քննադատության է ենթարկվում թերակղզու բնակիչների իրավունքները խախտելու ու խտրական քաղաքականություն վարելու մեջ, այդ թվում՝ թաթարների նկատմամբ։ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, Բելառուսը, դեմ է քվեարկել բանաձևին։
2017թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը ընդունեց Ղրիմում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի բանաձևը, որտեղ Ռուսաստանին «հորդորում էին անմիջապես վերջ դնել Ղրիմի բնակիչների նկատմամբ բոլոր խախտումներին և մարդու իրավունքների ոտնահարումներին»:
Դեմ քվեարկողներից մեկը եղել է Հայաստանը: Ինչպես նաև՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Սերբիան, Բելառուսը, Կուբան, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Հարավային Աֆրիկան:
Հիմա մենք Աշոտյանին հարց ենք տալիս. խեղճացած տարիներ շարունակ Ուկրաինայի դեմ եք քվեարկել, հիմա ուզում էիք, որ Ուկրաինան սուփրա-սեղան գցի՞ ձեր արածների համար: Ռուսաստանի վասալի դերի մեջ էիք մտել, մինչև հիմա դրա պտուղներն ենք քաղում: