Քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է. «Ինձ մի հարց է հուզում՝ Գյուլբենկյան-Ավետիսյան խաչմերուկում որոշակի գործառույթ իրականացվեց, որը հանրայինի առաջին ալիքով ցույց տվեցին. գնացին բենզալցակայանը պլոմբեցին, սիրուն լենտերով փաթաթեցին, հետո հաջորդ օրվանից այդ նույն բենզալցակայանը սկսեց աշխատել: Ո՞վ ունի այդ հարցի պատասխանը»:
«ՉԻ». Ամենահետաքրքիրը, որ դրանից հետո մի քանի պաշտոնյա կանգնեցին և հերթով ասացին, թե տեղյակ չեն, կպարզեն, կզեկուցեն:
Այնպիսի տպավորություն է, թե այդ բենզալցակայանը մարդու ծոցագրպանում է տեղավորվում, հենց ստուգողներ են երևում, գրպանում թաքցնում են, հետո նորից հանում, բենզին են վաճառում:
Դրա համար էլ մինչև հիմա քաղաքապետարանի բազմաթիվ պաշտոնյաներ՝ սկսած Տիգրան Ավինյանից, չգիտեն, թե ինչու է աշխատում այդ բենզալցակայանը:
Մենք հիշում ենք ռեպորտաժները, երբ զուռնա-դհոլով, փուչիկներով ցույց էին տալիս, թե ոնց են փակում այդ բենզալցակայանն ու կապարակնքում այն: Մենք էլ՝ միամիտներս, մտածում էինք, թե էս ի՞նչ բան է, չլինի՞ մի քիչ սկսել են հասկանալ, թե ինչ բան է քաղաքը, անվտանգության նորմերը, տարատեսակ շինարարական նորմատիվները:
Մի երկու տարի հետո էլ Ավինյանն այ էս նույն միամիտ տեսքով հարցնելու է. ո՞նց, խի էն Սարալանջի ճամփի բենզալցակայանն աշխատո՞ւմ է: