...

Բայդենն ու Պուտինը՝ ուր, Խաչատուրյան Վահագը՝ ուր

Բայդենն ու Պուտինը՝ ուր, Խաչատուրյան Վահագը՝ ուր

«Մենք մեր գործընկեր երկրների աջակցության կարիքն ունենք։ Խոսքը գնում է ԵՄ աջակցության մասին, որի հիմնական նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային վեճի խնդիրն արձանագրել և հետագայում մոնիթորինգ իրականացնել։ Մենք հույս ունենք, որ դիտորդական առաքելությունը մեզ կօգնի արձանագրել այն խախտումները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից և դրանք կներկայացնի միջազգային ատյաններում, որից հետո պահանջը՝ զորքերը հետ քաշելու վերաբերյալ, իրականություն կդառնա»,- Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։  

Վահագն Խաչատուրյա՞նն է միամիտ, թե՞ հայ համայնքին է փորձում մոլորեցնել։ Այնպես հեշտությամբ է ներկայացնում գործողությունների ծրագիրը, թե կգան-կֆիքսեն-կդիմեն միջազգային ատյաններին և վերջում մեր ուզածը իրականություն կդառնա, ասես առաջին դասարանցուն խնձորներով 1+1=2 բանաձևն է բացատրում։ Առհասարակ, Հայաստանի պաշտոնյաներին թվում է, թե սփյուռքի հայ համայնքների էլիտաները հիմնականում փոքրիկ դդումներից են կազմված, որոնց կարելի է հեշտ ու հանգիստ ֆռռացնել։ Կարևորը պաթոսն ու հայրենասիրության բարձր դոզան ապահովելն է, մնացածը՝ ինչ ուզեն կսղղացնեն։ Մինչ այս մանիպուլյացիան, նախագահն ասում է, թե Հայաստանը միայն Հայաստանում ապրող հայերի հայրենիքը չէ, այն աշխարհի 10 միլիոն հայերի հայրենիքն է, և նրանց բոլորի համար տեղ կա 28 հազար 900 քառակուսի կիլոմետրի վրա։ Եվ ահա, երբ հավաքվածները մտովի իրենց պատկերացնում են Հայաստանում, Խաչատուրյանը սկսում է դեմագոգիան՝ համարյա հայտարարելով, թե Ադրբեջանի զորքերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից եղած գործ է։ Անգամ հեգեմոն պետությունների նախագահներն այսպիսի վստահությամբ չեն խոսում այս կարգի կոնֆլիկտային իրավիճակներում, բայց դե նրանք՝ ուր, Խաչատուրյան Վահագը՝ ուր։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   468 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ