...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, թույլ տվեք ուղիղ հարցնել։ Դո՞ւք էիք Գագիկ Ջհանգիրյանի վզին դրել․․․

- Ջահել էրեխա ես, էդ ի՞նչ հարցեր ես տալիս։

- Չէ, չէ, ես նկատի ունեի Ռուբեն Վարդազարյանին համոզելու գործը։

- Հա, էդ ուրիշ բան, սկզբում մտքովս ուրիշ բան անցավ։ Ինձ թվաց՝ նկատի ունես Հայաստանն իրավական պետություն դարձնելու առաջադրանքը։ Չէ, իհարկե ես չէի դրել, ես խաբար չեմ։ Բայց նա անպայման իր պատիժը կրելու է։

- Ինչի՞ համար։

- Ո՞նց թե ինչի համար։ Առանց ինձ գնացել էին հաց ուտելու։

- Բայց այնպիսի տպավորություն էր, որ պատվերը Դուք եք տվել․․․

- Ես էդ օբյեկտում չեմ եղել, մենյուն չեմ տեսել, ո՞նց կարայի պատվեր տայի։

- Լավ, լավ, անցնենք Նիգավանի հայտնի դեպքերին։ Կրակոցներ են հնչել, զոհեր կան, կրակողը Ձեր քաղաքական թիմի աջակիցներն են, ու ոնց որ թե Ձեզ հայհոյելու համար են կրակել․․․

- Բոլորը խստորեն պատժվելու են, և առաջին հերթին՝ պետությանը նյութական վնաս հասցնելու համար։ Եթե չկրակեին՝ էդ մարդիկ ինձ հայհոյելու համար ահագին տուգանք կմուծեին, չէ՞։ Հիմա որ սպանվել են՝ ո՞վ պիտի տուգանք մուծի։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահռելի վնասներ կկրի բյուջեն, եթե բոլորին, ովքեր ինձ հայհոյում են, տեղում գնդակահարեն։

- Անցնենք ներքաղաքական հարցերին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։

- Բայց ի՞նչ մեկնաբանեմ, ինքը իրա հազար տարվա ընկեր Ալենչոյին դիմում ա գրել, նա էլ պատասխանել ա, դուք ինչո՞ւ եք մտնում մատի ու մատանու արանքը։

- Դե ամեն դեպքում՝ կուսակցության ղեկավար է, հրաժարվում է մանդատից․․․

- Ես դրա հետ կապ չունեմ, ինչքան գիտեմ՝ Քոչարյանի մատն ա խառը։ Զանգել Կրեմլ ասել ա՝ ստեղ մեկը կա, կուսակցության անունը ՊՈՒ ա, փաստորեն մարդիկ որ դժգոհում են՝ ՊՈՒ-ից են դժգոհում, սիրուն բան չի ստացվում, համ էլ՝ ինքը Ռուսաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ա ներկայացնում, որտեղ նստում ա՝ ասում ա «Կռիմ նաշ»։ Դե Կրեմլում էլ ջղայնացել են․․․ 

- Եթե կարելի է՝ մի քիչ էլ Արցախից խոսենք։ Ճի՞շտ է, որ մտադիր եք հուլիսի 1-ին հանձնել Բերձորն ու այնտեղով անցնող ճանապարհը։

- Դա բացառված է, դրանք դավաճան ընդդիմության շնաբարո հերյուրանքներն են։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հուլիսի 1-ին նման բան տեղի չի ունենալու։ 

- Վստա՞հ եք։

- Իհարկե վստահ եմ։ Հուլիսի 1-ը ուրբաթ ա, իսկ ուրբաթը մահմեդական երկրներում աշխատանքային օր չի։ Հետո էլ շաբաթ-կիրակի ա գալիս, ու մե՛զ մոտ աշխատանքային օրեր չեն։ Այնպես որ՝ մինչև հուլիսի 4-ը հարյուր տոկոսով երաշխավորում եմ։ Հետո արդեն, ցավոք սրտի, դա միայն մեզանից չի կախված․․․

- Շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   25008 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ