...

Ծածկագիրն էլ հետը ուղարկեիք, բան հասկանայինք

Ծածկագիրն էլ հետը ուղարկեիք, բան հասկանայինք

Հոկտեմբերի 6-ի հերթական նիստում Կառավարությունը որոշում ընդունեց 31 միլիոն դրամ հատկացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար: Նախագծով առաջարկվեց գնումն իրականացնել մեկ անձից: Զարմանալին այն էր, որ որոշումն ընդունելու պահին արդեն ԱԺ ճաշարանի բարեկարգման աշխատանքները ավարտին էին հասցվել. անգամ հասցրել էին որոշ չափով կահավորել։ ԱԺ աշխատակազմից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ էր հայրենի կառավարությունը որոշել հետին թվով գումար հատկացնել Ազգային ժողովի ճաշարանի բարեկարգման աշխատանքների համար։ Անհասկանալի էր, մասնավորապես. 1. Եթե բուֆետում բարեկարգման աշխատանքներն ավարտին են մոտեցել, ինչո՞ւ է կառավարությունը հիմա գումար հատկացնելու որոշում կայացրել: 2. Ո՞ր կազմակերպությունն է իրականացրել բարեկարգման աշխատանքները և ի՞նչ գումարներով։ 3. Ինչո՞վ է պայմանավորված գնումը մեկ անձից իրականացնելու հանգամանքը։ Մեր գրավոր հարցերին ի պատասխան՝ Ազգային ժողովից մեզ ոչ թե պատասխանել են, այլ ուղղակի խորհուրդ տվել անցնել Gnumner.am և https;//www e-gov.am/ կայքերով և ստանալ մեր հարցերի պատասխանները (իմանայինք՝ նամակ չէինք գրի-Մ.Ծ):

Նշենք, որ Կառավարության նշված որոշման մեջ ոչ մի հիմնավորում չկար, թե ինչո՞ւ են գումար հատկացնում հետին թվով, իսկ Gnumner.am-ի՝ Ազգային ժողովին վերաբերող էջերում էլի հստակ տեղեկատվություն չկար նշված հարցերի առնչությամբ. ընդամենը ճաշարանի բարեկարգմանն ու վերազինմանը վերաբերող գլուխկոտրուկ թվեր և մերժված ու ընդունված մրցութային հայտեր:

Ի դեպ, մեզ հաջողվեց զրուցել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի հետ: Նա մասնավոր զրույցում պատասխանելով մեզ հետաքրքրող հարցերին՝ ակամա պարզաբանեց կառավարության կողմից հետին թվով գումարի հատկացման հանգամանքը: Նարիբեկյանը, մասնավորապես, ասաց, որ ճաշարանի բարեկարգման աշխատանքները պարտքով են կատարել: Թե ումի՞ց են պարտք վերցրել, գերադասեց լռել: Իսկ թե ինչո՞ւ են գնումները մեկ անձից կատարել, և այն էլ՝ պարտքով, ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշեց, որ խնդրի լուծման հրատապություն կար, քանի որ ԱԺ աշխատակիցներն ու պատգամավորները սկսել էին դժգոհել, թե «մեռանք խաչապուրի ուտելով»:

Իսկ հիմա ամենազավեշտալին. չնայած ճաշարանի բարեկարգման հրատապության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պնդումներին և այդ հիմքով մեկ անձից գնում կատարելու փաստին, ճաշարանը տևական ժամանակ բարեկարգված է, սակայն շահագործման չի հանձնվում: Եթե այդքան ժամանակ ունեիք, մրցույթ հայտարարեիք... էլ ի՞նչն էր խնդիրը։

Մելանյա Ծառուկյան

Հ.Գ. Ի լրումն զավեշտների այս շղթայի՝ տեղեկացանք, որ ԱԺ ճաշարանը գործելու է 2023 թվականին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   580 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ