Հետաքրքիր է՝ եթե, ասենք, մի քանի հազար քաղաքացիներ բողոքի ակցիաներ անեն ու պահանջեն, որ ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները, նրանք կկատարե՞ն այդ պահանջը։ Սա զուտ հռետորական հարց չէ, որովհետև Նիկոլն ու ՔՊ-ը, այո, 2021-ի ընտրությունների ժամանակ խոստացել են ապահովել «Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա» ու չեն արել, խոստացել են «անջատում հանուն փրկության» ու չեն արել, բայց խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն էլ իրենց հերթին մանդատներ են ստացել, որովհետև խոստանում էին տապալել կապիտուլյանտական ռեժիմը, ու նույնպես չեն կատարել իրենց խոստումը։ Պարզ ասած՝ ոչ Նիկոլն է 2021-ի իր խոստումները կատարել, ոչ ընդդիմությունը։ Երկուսն էլ ձախողվել են։ Հետևաբար՝ երկուսն էլ պիտի հեռանան։
Հարցին նայենք այլ տեսանկյունից։ 2021-ին քանի՞ հոգի ձայն կտար Նիկոլին, եթե իմանար, որ նա ոտքով-գլխով հանձնելու է Արցախը ու դա համարելու է «Հայաստանի իրական անկախության սկիզբ»։ Կամ քանի՞ հոգի ձայն կտար «փրկիչներին», եթե իմանար, որ նրանք ընդամենը խորհրդարանում ակտիվ գործունեության իմիտացիայով են զբաղվելու՝ վայելելով իրենց մանդատները, բարձր աշխատավարձերը, ծառայողական մեքենաները, արտասահմանյան գործուղումները և այլն, ավելին՝ հանուն դրանց հանդուրժելու են, որ ՔՊ-ական ամեն ստահակ ԱԺ ամբիոնից ծաղրի իրենց, «երեսով տա» ստացած աշխատավարձերը, և այդպես շարունակ։ Միայն թե չասեք՝ «այդ աշխատավարձն իրենց գրպանից չեն տալիս, դա հարկատուների վճարած հարկերից է գոյանում»։ Ճիշտ է, բայց հարկատուները կհամաձայնվեի՞ն վճարել այդ աշխատավարձը, եթե իմանային, որ ընդամենը ԱԺ-ում իշխանությունների համար «բոքսի տանձ» եք աշխատելու, որ երբ ուզենան՝ վրաներդ ինքնահաստատվեն։
Այնպես որ՝ ինքնախաբեությամբ մի զբաղվեք, երկուսդ էլ խայտառակ ձևով ձախողվել եք։ Բայց շարունակում եք վայելել կյանքը այն նույն հարկատուների հաշվին, որոնք ամեն օր իրենց մաշկի վրա են զգում ձեր համատեղ ձախողումների հետևանքները։