...

Ծանր երկուշաբթի

Ծանր երկուշաբթի

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դանդաղ ռումբի նման սկսել են աշխատել։ Այսօր արդեն առավոտյան ռուսական ռուբլին կտրուկ անկում է գրանցել։ Ռուսաստանի բանկի տնօրենների խորհուրդը այսօրվանից բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5 տոկոսային կետով՝ հասցնելով տարեկան 20 տոկոսի: «Հիմնական տոկոսադրույքի բարձրացումը կօգնի պահպանել ֆինանսական և գների կայունությունը, պաշտպանել քաղաքացիների խնայողությունները արժեզրկումից»,- նշել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը։ Ռուսաստանում ստեղծված տնտեսական այս իրավիճակը ուղղակիորեն անդրադառնալու է, որոշ դեպքերում արդեն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների վրա։ Այսօր Հայաստանի բանկերում ռուբլին գնվում է 2,5-3 դրամով, վաճառվում՝ 4,5-5,5 դրամով։ Ռուբլու կտրուկ տատանումներն առաջին հերթին ազդում են հայ արտահանողների գործարքների վրա, ինչն էլ իր հերթին անդրադառնում է Հայաստանի տնտեսության վրա։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը ներմուծման և արտահանման գծով: «Լրիվ տրագեդիա է. օրինակ՝ իմ ընկերությունը նախորդ շաբաթ ապրանք է արտահանել, այս շաբաթ պետք է գումար ստանա, դե, պատկերացրեք՝ այս փոխարժեքի ու ստեղծված իրավիճակի հետևանքով ինչքան վնասով է դուրս գալու ընկերությունը»,- Մեդիալաբի հետ զրույցում ասել է հայաստանյան արտահանող ընկերություններից մեկի հիմնադիր, գործարար Երվանդ Թարվերդյանը։ Նա տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի նախարարությունում արտահանող ձեռնարկությունների հետ հանդիպում է տեղի ունեցել: Ի՞նչ են խոսել՝ գործարարը չի մանրամասնել։

«Տրագեդիան» ոչ միայն արտահանողների համար է, այլ նաև այն մարդկանց, որոնք հեռու են անգամ միջին ու փոքր բիզնեսին առնչվելուց։ Խոսքը շարքային քաղաքացիների մասին է, որոնք պարզապես գոյատևում էին ռուսական փոխանցումների հաշվին։ Որտեղի՞ց էին գոյանում փոխանցումները։ Ինչպես գիտենք, Ռուսաստանը Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտների պակաս չունի։ Պայմանականորեն, այսպես կոչված խոպան գնացողների գործունեությունը Հայաստանում ապահովում էր նրանց ընտանիքների բարեկեցության որոշակի մակարդակը։ Մարդիկ ՌԴ գնում էին՝ աշխատելու և ամեն ամիս պարտաճանաչ փող էին ուղարկում իրենց հարազատներին։ Հիմա արդեն հարազատներն են ստիպված լինելու փող ուղարկել ՌԴ մեկնած ընտանիքի անդամներին։ Ի դեպ՝ վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թ․ Ռուսաստանի՝ մեկ տարվա ընթացքում դրամական փոխանցումներն ավելացել էին 41,2 մլն դոլարով (կամ 5,0% -ով): Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գումարն անցյալ տարի հասել էր 2,1 մլրդ դոլարի, որից 40%-ը բաժին էր ընկել Ռուսաստանին։ Աշխատանքային միգրանտներից բացի, մասնագետները հաշվարկել էին Ռուսաստանում հայկական սփյուռքի այն ներկայացուցիչների փոխանցումները, որոնք կայացած բիզնեսներ ունեին և ինչ-որ ձևով փողի շրջանառություն էին ապահովում Հայաստանում։ Բացի այս, ՀՀ-ից շատերը մեկնում և քաղաքացիություն էին ստանում ՌԴ-ում, որտեղ օգտվում էին պետական աջակցության ծրագրերից։ Դրանցից ստացված ֆինանսական միջոցների մի մասը ևս ուղղվում էր Հայաստան․ դարձյալ ազգականներին օգնելու նպատակով։ Տասնամյակներ շարունակ գործող այս սխեման հիմա վտանգված է։ Կանխատեսումները խիստ մտահոգիչ են։ Իր տնտեսությունը ՌԴ-ին պորտալարով միացրած Հայաստանը ինչպե՞ս է հաղթահարելու ստեղծված իրավիճակը՝ անհասկանալի է։ Հստակ է մի բան՝ Հայաստանի ազատ անկման տեմպերը ՌԴ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված է՛լ ավելի են արագանալու։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1163 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ